Այս տիպի կեղծիքներն են, որ վերացնում են հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ․ Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում նշված է՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը»:
Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Առողջապահության նախարարությունը՝ իր կենտրոնով, կեղծ գովազդ է տարածում, որով կանխամտածված մոլորեցնում են քաղաքացիներին, պատվաստանյութերին այնպիսի որակներ վերագրելով, որոնք իրականում չկան:
Բոլորս էլ լավ գիտենք, որ քովիդի դեմ պատվաստանյութերը չեն կարող 100 տոկոսով կանխարգելել հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդպիսի տեսակետ չունի պատվաստանյութերի մասին: ԱՀԿ-ն նշել է՝ «պատվաստված լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք մոռանալ զգույշ լինելու մասին և վտանգի ենթարկել մեզ և ուրիշներին, մանավանդ որ դեռ շարունակվում են հետազոտություններն այն մասին, թե որքանով են պատվաստանյութերը պաշտպանում ոչ միայն հիվանդություններից, այլև վարակից և դրանց փոխանցումից:»:
Այս տիպի կեղծիքներն են, որ վերացնում են հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ:
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից