Ռուսաստանն «Իսկանդեր» համակարգերը Հեռավոր Արևելքից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման

Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը համացանցում հայտնաբերել է առնվազն երեք տեսանյութ, որից եզրակացություն է արել, որ Ռուսաստանը Արևելյան ռազմական օկրուգից «Իսկանդեր» հրթիռային համակարգերը տեղափոխում է արևմտյան ուղղություն։

Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է CIT-ն։

Տեսանյութերն արվել են Ուրալում և Հեռավոր Արևելքում։ Դրանք սոցիալական ցանցերում հրապարակվել են հունվարի 11-ին և 13-ին։ CIT վերլուծաբանները կարծում են, որ տեսանյութում երևում են արձակման համակարգեր, տրանսպորտային-լիցքավորման մեքենաներ և «Իսկանդեր» համալիրի հրթիռներ։

Ինչպես գրում է CIT-ն, հղում անելով «բաց տվյալներում առկա տեղեկատվության վրա», «Իսկանդեր» համալիրները տեղափոխող երկաթուղային փոխադրամիջոցները դուրս են եկել Ուլան-Ուդեից և Բիրոբիջանից, որոնցից ոչ շատ հեռու տեղակայված են 103-րդ և 107-րդ հրթիռային բրիգադները։ Դրանք իրենց կազմում ունեն «Իսկանդեր» համակարգեր և մտնում են ՌԴ զինված ուժերի 36-րդ և 35-րդ համազորային բանակների մեջ։

«Ավելի վաղ, մենք նկատել էինք արևմտյան ուղղությամբ այդ բանակային միավորումների շարժը։ «Ուկրաինա» 107-րդ հրթիռային բրիգադի տեղափոխումը նաև հիշատակվում է ռազմական տեխնիկայով տեսանյութերից մեկի մեկնաբանություններում»,- նշել են CIT-ից։

2021 թվականի գարնանը Ռուսաստանն ուկրաինական սահմանի մոտ սկսել էր զորքեր տեղակայել։ Այդ ժամանակ վերլուծաբանները

նկատել էին Վորոնեժի մարզ «Իսկանդեր»-ների տեղափոխումը։ 2021 թվականի աշնանը դարձյալ սկսել էին տարածվել հաղորդագրություններ՝ ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ։ Արևմուտքում կարծում են, որ Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Վերջինս ռուսական կողմը հերքում է՝ պնդելով, թե ռուսական զորքերի տեղափոխումը պայմանավորված է զորավարժություններով։

2021 թվականի նոյեմբերից Conflict Intelligence Team-ը բազմիցս հայտնել է դեպի Ռուսաստանի արևմուտք ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին։