Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսության

Միացյալ Նահանգները և Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ են Մոսկվայի հետ հետագա երկխոսության։ Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Ուրախ էի խոսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ այս շաբաթ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն միասնական են և պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա փոխադարձ երկխոսության»,- ասել է նա։

Երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, Ժնևում խորհրդակցություններ են տեղի ունեցել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսական առաջարկների շուրջ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այնուհետև չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Այն անցկացվել է Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Մոսկվան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին է փոխանցել անվտանգության երաշխիքների տրամադրման մասին համաձայնագրերի նախագծերը։ Մասնավորապես, Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը առաջարկել է ստանձնել ՆԱՏՕ-ն չընդլայնելու պարտավորություններ, այդ թվում՝ բացառել Ուկրաինայի անդամակցությունը։