Ղազախստանը փաստացի դարձել է թուրքական պանթուրանական նախագծի հիմնական ջատագովը միջին Ասիայում

Է՜՜՜հ, մեկը լինի ասի՝ «մեր դարդերը թողած, ուրիշի դարդերով ես տապակվում»։ Բայց դե, այնուամենայնիվ, Ղազախստանը մեզ համար ընդհանուր տնտեսական և քաղաքական  միացությունների «հարևան» է և ունենք Ղազախստանում բազմահազարանոց հայկական համայնք (որոշ տվյալներով 18000-22000 հայ է բնակվում այնտեղ), ինչպես նաև իմ մասնագիտական գործունեության ուղղություններից մեկն էլ Ղազախստանն է։

Եվ այսպիսով…

Այս կարգի իրավիճակը շատ վաղուց հասունանում էր Ղազախստանում, ավելի ճիշտ՝ տարատեսակ «դրսերից» շատ ակտիվորեն հասունացնում էին։ Ընդ որում, Ղազախստանում շատ ակտիվ աշխատում էին թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիները, թե՛ թուրքերը։ Թուրքերի մասին հասկանալի պատճառով՝ ավելի հանգամանալից։

Թուրքիան գերակտիվ քարոզչություն է տանում արդեն մոտ 20 տարի և «պտուղները» առավել քան շոշափելի են դարձել այսօր։ Ղազախստանը փաստացի դարձել է թուրքական պանթուրանական նախագծի հիմնական ջատագովը միջին Ասիայում։ Դրա հետ մեկտեղ թուրքերին շատ անհանգստացնում էր Նազարբաևի և Տոկաևի (Ղազախստանի ներկայիս նախագահ) ռուսների հետ կապը, և թուրքերը շատ ակտիվ խրախուսում էին ղազախական թուրքամետ և իսլամական  խմբավորումների գործունեությունը։

Կարող ենք հաստատ փաստել, որ այս անկայունության հետևում ժամանակի ընթացքում կտեսնենք թուրքական հատուկ ծառայությունների ականջները։

Ամերիկացիների և եվրոպացիների հիմնական հենարան  է հանդիսանում Մուհթար Աբլյազովի «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը։ Իմիջայլոց, այդ կուսակցության ղեկավար Աբլյազովը ժամանակին փախել է Ղազախստանից, երբ իրեն ներկայացվեցին մեղադրանքներ կապված իր բիզնես գործունեության հետ։ Կարճ ասած՝ Աբլյազովը շատ հարուստ մարդ է։ Հավելեմ նաև, որ իր գլխավորած ընդդիմադիր կուսակցության հիմնական գրասենյակները գտնվում են Փարիզում և Կիևում։

Կարծում եմ, որ տեղի ունեցող իրադարձությունները սպասված էին, քանի որ և՛ թուրքերի, և՛ ամերիկացիների, և՛ ռուսների, և՛ չինացիների  հետաքրքրությունները Ղազախստանում արդեն շատ ակտիվ իրար հակասում էին, ինչը ի վերջո պետք է բերեր այս իրավիճակին։

Ղազախստանը իրականում շատ բարդ երկիր է, որը վերջին տասնամյակում հազիվ պահպանում էր հարաբերական կայունությունը իր տարածքում և դրա հետ մեկտեղ շատ հարուստ և կարևոր երկիր է հանդիսանում գրեթե բոլոր խոշոր խաղացողների համար, և մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե դեպի ո՞ւր կշարժվի իրավիճակը։

Յուրաքանչյուր դեպքում այս իրադարձությունները հենց այնպես չեն անցնի և լուրջ դեր կխաղան ամբողջ տարածաշրջանային քաղաքական քարտեզի վրա։

Հ.Գ․

Առավոտյան հայտնի դարձավ, որ Ղազախստանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել։

Նախագահ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի սառեցվում են կոմունալ վճարումների և առաջին անհրաժեշտության ապրանքների գները 6 ամսով։

Գների կարգավորումներով  այսուհետ զբաղվելու է պետական հատուկ հանձնաժողովը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից