Վարդենիսի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը՝ շենքի բակում (տեսանյութ)

Վարդենիսում այսօր` հունվարի 4-ին,  տեղի է ունենալու  նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահի  մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել համայնքապետարանի շենքի և ներսում, և դրսում:

Նշենք, որ երեկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկեց  ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը: Մինչև նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել:

NEWS.am-ի ուղիղ միացումը