Փաշինյանի «իրավապահ» համակարգի պերճանքն ու թշվառությունը. գաղտնալսման գործը կարճվեց, իսկ ՀԱՊԿ-ից հետ կանչված գեներալ Խաչատուրովն արդարացվեց

Ինչպես հայտնել էինք, Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման  վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով։

Զարմանալի զուգադիպությամբ, հենց այսօր դատարանը դադարեցրեց հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով հարուցված հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ։

Ավելին, գեներալներ Խաչատուրովն ու Օհանյանը արդարացվեցին։

Իսկ հայտնի գաղտնալսումը վերաբերում էր հենց Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու սկանդալին, երբ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը համոզում էր Փաշինյանին ու ՀՔԾ պետին նախ հետ կանչել Խաչատուրովին, ապա քրեական հետապնդում սկսել նրա դեմ՝ պատճառաբանելով, որ «ռուսները շատ ծանր են տանում, շատ *ռիա» և մեծ պրոբլեմներ են լինելու։ Այս մասին գրում է Mediaport տելեգրամ ալիքը։

Սասուն Խաչատրյանն էլ առաջարկում է սպասեն Նիկոլ Փաշինյանը դուրս գա նիստից, հետո հասկանան։ Գաղտնալսման մեջ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներն իրար ասում են՝ «Պարոն վարչապետ Քոչարյանին էսօր կտան {կալանք}», «Ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ, դու մի հատ վարչապետի հետ խոսա», «Խաչատուրովին մեծ գրավ մի տուր, չի կարա վճարի», «Ասա թող նիստը հետաձգեն մինչև վարչապետը դուրս գա», «հեսա ես կասեմ Խաչատուրովը հետաձգեն», «Դատավորին ինչ պետք ա կասենք, էդ չի հարցը», «Հեսա դատարանը կալանավորման որոշումը կկայացնի»։

Սրանք ընդամենը մի քանի մեջբերում են սկանդալային գաղտնալսումից: Մինչդեռ անգամ իրավաբանական կրթություն չունեցողին պարզ է, որ ձայնագրությունն անհերքելի ապացույց է նշված անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, բայց Փաշինյանի ՔԿ-ն հանցակազմ չի տեսնում։ Իսկ փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հերթական «կապրիզի» պատճառով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ նախագահությունից և խայտառակ եղավ՝ դադարելով գոյություն ունենալ որպես իրավական պետություն։