Լավրով. Միացյալ Նահանգները շարունակում է «լուցկիներով վտանգավոր խաղը» աշխարհում…

Առաջարկում ենք վերլուծել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ապրիլի 1-ի հաղորդման ժամանակ: Այս հարցազրույցը, մեր կարծիքով, պարունակում է մի շարք հարցերի պատասխաններ, որոնք այժմ կազմում են համաշխարհային աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային աղետների (քաղաքական կատաստրոֆաների…) ամբողջ էությունը:

Պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերություններում անդունդի խորության մասին հարցին՝ Լավրովն ասել է. «Մի կողմից՝ դիմակայությունը հասել է ծովահատակին, մյուս կողմից, հոգու խորքում հույս կա, որ բոլոր մարդիկ չափահաս են և հասկանում են այն ռիսկերը, որոնք կապված են հետագա լարվածության սրման հետ: Բայց ես դեռ կարծում եմ, որ խոհեմությունը գերակշռելու է»: Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «պատերազմ» բառը միջազգային դիվանագիտության մեջ ​​օգտագործվել է Արևմուտքի քաղաքական գործիչների և զինվորականների կողմից: ««Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմը» շատ տարածված նկարագրություն է այն բանի, ինչը Արևմուտքն ընկալում է որպես միջազգային կյանքի գլխավոր իրադարձություն», – ասել է նա: Լավրովը նաև շեշտել է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով ընտրված ճնշման գիծը հաջողության հասնելու հնարավորություն չունի. «Այն գիծը, որն այժմ առաջ է մղվում ձևաչափով, որին մենք ականատես ենք լինում, հաջողության շանս չունի: Սա ամենևին էլ նորություն չէ. եկավ Ջո Բայդենը, սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, խստացնել հռետորաբանությունը և, ընդհանուր առմամբ, ճնշում գործադրել բոլոր ճակատների վրա: Դա շարունակվում է երկար տարիներ»: ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն սկսվել են դեռ Բարաք Օբամայի իշխանության գալուց առաջ, ոչ թե «Օբամայի օրոք» կամ «Թրամփի օրոք»: «Ինչպես և շատ այլ սահմանափակումներ, դրանք պարզապես ձեռք են բերել հիպերտրոֆիկացված, գաղափարականացված ձև՝ սկսած 2013 թվականից, նույնիսկ Ուկրաինայից առաջ», – պարզաբանել է նա:

Այսպիսով, Մոսկվան խոստովանել է, որ այս տարիներին ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատումից խուսափելու իրենց կուրսը ձախողվել է և ապացուցել իր անիմաստությունն ու անհեռանկարայինությունը: Արդյո՞ք տվյալ եզրակացությունից բխում է, օրինակ այն հիպոթեզը, որ ռուսները 2008 թվականից ի վեր (հեղինակը առաջարկում է այս տարին վերցնել որպես ելակետ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների «սառեցման» գործընթացում…) ինտենսիվորեն նախապատրաստվել և պատրաստվում են աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման պայմանական ամսաթվի՞ն:

Գուշակություններով և կանխատեսումներով չենք զբաղվելու. ժամանակը և իրադարձությունները ցույց կտան: Իսկ նշված հարցազրույցում Լավրովը նաև մատնանշել է Սպիտակ տան անխոհեմ քաղաքականության հետևանքները. «Ես չէի ցանկանա ինչ-որ կերպ նկարագրել, թե ինչ են մտածում ամերիկացիները Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ: Եթե ​​նրանց այն հայտարարությունների հետևում, որ Ռուսաստանը «հակառակորդ» է, «թշնամի», կամ «մրցակից», թաքնվում է իրենց անխոհեմ քաղաքականության հետևանքների համար մեզ մեղադրելու ցանկությունը, ապա լուրջ խոսակցություն դժվար թե տեղի ունենա: Օրերս կարդում էի, թե ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ չնայած Ռուսաստանի և Չինաստանի հետ ունեցած բոլոր տարաձայնություններին` ԱՄՆ-ը այս երկրների դեմ ոչինչ չունի, և այն, ինչ անում է ԱՄՆ-ը, պարզապես «ժողովրդավարություն» է և «մարդու իրավունքների պաշտպանություն»: Չգիտեմ, թե որքան լուրջ կարելի է վերաբերվել ամերիկյան քաղաքականության այսպիսի նկարագրությանը Մոսկվայի և Պեկինի նկատմամբ: Բայց եթե դրանք ժողովրդավարություն են խթանում, պրակտիկան պետք է ապացուցի տեսության հիմնավորումները»:

Բացարձակապես կասկած չկա, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նկատի ունի «հեղափոխություններ արտահանելու» մարտավարությունը, որին զոհ դարձավ նաև մեր Հայաստանը, ավելին, արագորեն շարունակվում է հայոց պետականության անկումը: 2020-ին և դեռ այս տարվա առաջին ամիսներին, այս «ամերիկացի հեղափոխականները» «գրոհներ» են ձեռնարկել (առայժմ անհաջող) ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի և Չինաստանի վրա: Հենց դրանց մասին է նախարար Լավրովի հայտարարությունը:

Ինչպես հայտնի է, մարտի սկզբին ՌԴ ԱԳՆ ղեկավարը ռուսական ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը գնահատել էր որպես «անիմաստության վարժություն» և «վտանգավոր խաղ լուցկիներով»: Այս կապակցությամբ Լավրովը հիշել է, թե ինչպես են մանկության տարիներին բակում խուլիգանները վիրավորում այլ երեխաների՝ վերցնելով նրանց փողերը և ստիպելով նրանց մաքրել կոշիկները: «Բայց անցնում էր 2-4 տարի, այս փոքր տղաները մեծանում էին և դառնում պատասխանելու ունակ: Մենք նույնիսկ մեծանալու կարիք չունենք: Մենք որևէ առճակատում չենք փնտրում», – արձանագրել է նա: Անկեղծ ասած, Լավրովի հայտարարությունները ամենևին սփոփիչ չեն. մոլորակին սպասում են ուժեղագույն և ծանրագույն ցնցումներ, այդ թվում`Հայաստանին:

Սերգեյ Շաքարյանց