ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ու նրան ուղղորդող Հրանուշ Խառատյանի թուրքական խաղերը

Դմբ-դմփ-հո՛ւի հնչյուններից խլացած մեր ժողովուրդը 2018-ին չզգաց, չնկատեց,   չգիտակցեց, որ իր ձեռքով  իրականացվում է հայոց պետականության քանդման գործընթացը:

Զոմբիացած հանրությունը չէր տեսնում ո՛չ եկեղեցու դեմ ուղղված քայքայիչ  քայլերը, ո՛չ հերոսների արժեզրկումը, ո՛չ բանակի վարկաբեկումը, ոչ  հայ ընտանիքին, հայ հասարակության  այլասերմանն ուղղված քայլերը:

Խորքային պրոցեսներ սկսվեցին. «նորեկների» կողմից թիրախավորվեց  նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ): Պարզվեց, որ կառույցը  օտարերկրյա գործակալական ցանց հանդիսացող կազմակերպությունների ու  անհատների ուշադրության ներքո է, որոնց  նպատակն է նսեմացնել Հայ Դատի լրջագույն ձեռքբերումները և փակել հայոց պահանաջատիրության էջը:

Իշխանափոխությունից կարճ  ժամանակ անց, ինչպես ասում են, աղբը ջրի երես դուրս եկավ: Ակնհայտ դարձավ, որ «իմքայլականների» ու սորոսականների ձեռքով  տնօրենի պաշտոնում նշանակված անձը՝ Հարություն Մարությանը,  նաև հոգաբարձուների խորհրդ սղոսկած որոշ անձիք,  մասնավորաբար,  Հրանուշ Խառատյանը, վարում են խիստ վտանգավոր, հակահայկական քաղաքականություն:

Նկատենք՝ սրանք մարդիկ են, որոնք հայտնի են որպես սորոսական գրանտակերներ, որպես հայ-թուրքական «հասշտեցման և երկխոսության»  ծրագրերի ակտիվ ջատագովներ:

Տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, Մարությանը սկսեց տարօրինակ  նորամուծություններ անել՝ օգտագործելով  նոր եզրույթներ Հայոց Ցեղասպանության թեմայի մեջ: Նախ  փորձեց՝ «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսը  վերախմբագրել՝ «Հիշում եմ ու կհիշեմ» տարբերակով: Սա ուղղակի ոտնձգությունն էր Ցեղասպանության հիշողության, համազգային պայքարի,  Հայոց ցեղասպանության ճանչման, դատապարտման ու հատուցման գործընթացի դեմ: Սա քայլ էր հայոց պահանջատիրության դեմ: Մարությանի քայլը մեծ աղմուկ բարձրացրեց  և, բարեբախտաբար,  հաջողվեց կանխել վտանգը:

Ոչ պակաս զարմացնող ու մտահոգիչ էին ՀՑԹԻ տնօրեն Մարությանի  փորձերը  «ցեղասպանություն»  տարողունակ եզրույթը «Եղեռն» բառով, ինչպես նաև, թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայն կիրառում գտած «իրադարձություններ» եզրույթով փոխարինելը:

Բացի այդ,    իր հարցազրույցներում,  ելույթներում  Մարությանը հայկական ինքնապաշտպանական մարտերը անվանում է՝ «հայերի դիմադրություն», «զինված դիմադրություններ»  «բարոյական դիմադրություն», «հումանիտար դիմադրություն»: Նրան հակադարձեցին պատմաբանները՝ մեկնաբանելով, որ Արևմտյան Հայաստանի հայերը սովորական «դիմադրողներ» չէին,  այլ  հայրենազուրկներ էին, հետևաբար, թշնամու դեմ հայերի մղած մարտերը  ինքնապաշտպանական մարտեր էին:

Մարությանը իր հրապարակային ելույթներում քանիցս բարձրաձայնել է Ցեղասպանության հիշողությունը տրանսֆորմացիայի ենթարկելու իր  նկրտումների մասին: Հարցազրույցներից մեկում ասում է. «Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ:  Հատկապես, երբ ցանկանում  ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես, օրինակ համերաշխության մասին: Ինչու՞ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին»: Իսկ թե ի՞նչ է հասկանում  Մարությանը՝ «այլ հարցեր» ասելով, մեկնաբանում է իր մեկ այլ  խոսքում. «Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը»:

Եվ վերջապես, բոլորիս ենք հիշում Մարությանի   ոչ արժանապատիվ քայլը, երբ  Թուրքիայում կազմակերպված մի համաժողովի ընթացքում բարձրացրել էր թանգարանի  նյութական միջոցների անբավարար լիելու հարցը՝ ակնկալելով թուրքական կողմի աջակցությունը: Մեր տեղեկություններով, թուրքական կողմի արձագանքը չի ուշացել….

Ինչո՞վ է պայմանավորված ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նման վարքագիծը, ինչո՞ւ է նա հայության համար այս կարևոր հարցում հանդես գալիս նորամուծություններով,  ի՞նչ ասել է՝ նnր եզրույթների կիրառություն, ի՞նչ միտում կա այս ամենում:  Գործ ունենք չկշռադատված գործողության հե՞տ, թե միտումնավոր, ծրագրված քայլերի հետ: Ակնհայտ է միտումը, այն է՝ իրավաբանական առումով կարևորագույն եզրույթները մոռացության տալ, կամ հետին պլան մղել, դրանք փոխարինել առավել թույլերով և հայկական դաշտ բերել թուրքական կողմի համար առավել ընդունելի ձևակերպումներ:

ՀՑԹԻ տնօրեն  Մարությանի  կասկածելի քաղաքականության մասին առաջին  ահազանգողներից մեկը եղավ  Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն  Հայկ  Դեմոյանը, ով Մարությանի  կողմից վարվող քաղաքականությունը մեկնաբանեց  այսպես. «Այդ ամենը թուրքական կողմի հետ համագործակցության ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետևանք է»:

Այս ամենը, անշուշտ, պատահականություն չեն,  ինչպես պատահականություն չեն  բարի թուրքի կերպարի ստեղծումը կամ թուրքերին ներելու կեղծ մտքի շրջանառումը: Սա այս իշխանության քաղաքականությունն է, որն արտահայտվում է նաև իմքայլական պատգամավորների ելույթներում, ինչին լծվել է իշխանական ողջ քարոզչամեքենան:

Հայկ  Դեմոյանը համոզված է, որ ներկայիս տնօրեն Հարություն Մարությանին ՀՑԻԹ  խցկելը պատահական չի եղել: Առաջարկում է, ուշադիր հետևեք Մարությանի երեք տարիներին հնչեցրած հայտարարություններին և ոչ միայն, այլև նրա կենսագրությանը, կատարած գործունեությանը, թե ինչ դրամաշնորհներ է ստացել ու ի՞նչ աղբյուրներից և ի՞նչ ծրագերի մեջ է նա եղել ընդգրկված: Մարությանը, պարզվում է, ներքաշված է եղել հայ-թուրքական հաշտեցման ծրագրերի մեջ,  օգտվել է տարբեր  հիմնադրամներ, որոնք  ֆինանսավորվել են եվրոպական այս կամ այն կառույցներից, բայց  ծրագրերի նպատակը եղել է հայ-թուրքական հաշտեցումը:

Իսկ այսօր Հարություն Մարության-Հրանուշ Խառատյան զույգը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համեղ պատառի վերածած՝ իրենց սև գործն են տեսնում:

«Անցած տարի հունվարին Հարություն Մարությանն ու Հրանուշ Խառատյանը կիսագաղտնի մեկնեցին Բուդապեշտ, որպեսզի  իրենց պատկանող հկ-ի միջոցով կարողանային մեծ գումարներ ստանալ: Նպատակը՝ հայաստանյան բոլոր արխիվների, թանգարանների պահոցների ու ֆոնդերի հասանելության  ցուցիչները  ճշտելն էր»: Այս մասին LIWEnews.am կայքի «Մենք» հաղորդաշարին տված հարցազրույցում ասում է Հայկ Դեմոյանը:

Ապա շարունակում է. «Դրանից ծնվեց մի շինծու պատմություն, թե իբր  թանգարանից կորել են իրեր և պետք է ֆոնդերն անջատել գրադարանից: Իրականում այս երկու անձինք թանգարանը հերձում էին՝ փորձելով վերածել մի ցածրակարգ օբյեկտի, որպեսզի թանգարանի ֆոնդերն ու գրադարանը  հարմարեցնեին խոշոր դրամաշնորհի պահանջներին»:  Ի դեպ, պարզվում է, որ այդ խորհրդի կազմում եղել է նաև  ադրբեջացի ներկայացուցիչ,  որը, ըստ Դեմոյանի,  պետք  է մեխանիկորեն ստանար ամբողջ հայկական արխիվների թանգարանի ֆոնդերի հասանելության տվյալները: Բարեբախտաբար բացահայտվում է այս նենգ գործարքը. «Գուցե ժամանակավորապես, բայց կարողացանք կանխել այդ խայտառակ քայլը»,- ասում է Դեմոյանը:

Այս պահի մեզ չհաջողվեց ճշտել, արդյո՞ք, քայքայիչ այս գործընթացը շարունակվում է, արդյո՞ք  Խառատյան-Մարության զույգը դարձյալ  զբաղված է կիսատ մնացած  գործը գլուխ բերելով:

 

Հ.Գ. Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի շուրջ  կատարվող  գործընթացները գտնվում են  LIVEnevs.am-ի ուշադրության տակ է: Նոր տեղեկատվության դեպքում այն կներկայացնենք մեր ընթերցողին:

 

Արմինե Սիմոնյան