Պետդուման ընդունել է օրինագիծ, որը Պուտինին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների՝ իրավունք է տալիս ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ–ը:

ՌԴ Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների սահմանափակումը, որոնց ընթացքում նույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, տարածվում է պետության գործող ղեկավարի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այդ դրույթը պետության ներկայիս ղեկավարին թույլ է տալիս ևս երկու ժամկետով զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը:

Փաստաթուղթը դեռևս 2020-ի նոյեմբերին Պետդումա են ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը: Այն սահմանում է, որ երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած ՌԴ քաղաքացին, որը առնվազն 25 տարի բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և երբեք չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ:

Նախաձեռնությունը նաև տարիքային սահմանափակում է սահմանում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Ենթադրվում է, որ հանձնաժողովի նախագահ կարող է դառնալ 30 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացին։ Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է վաղաժամկետ դադարեցնել իր նշանակած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները: