«Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին». Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը՝ ապրիլի 7-ին

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը: «ԱՐՇԱԼՈՒՅՍ» խորագրով մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ կարգախոսն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»: Պատերազմի ժամանակ և դրանից հետո յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում ինչ-որ բան արեց զինվորների և նրանց հարազատների համար: Համերգի կազմակերպիչները նշում են, որ նաև բարոյահոգեբանական աջակցությունն է շատ կարևոր: «Հավաքվել է լավ թիմ՝ համերգի ռեժիսոր Արթուր Սահակյան, նկարահանման ռեժիսոր Արամ Շահբազյան, և ցանկություն ունենք զոհված հայորդիների մայրերի համար մի հրաշալի համերգային երեկո ներկայացնել: Դահլիճի հրավիրատոմսերի 70 %-ը տրամադրվելու են հերոսածին մայրերին. գիտակցելով, հասկանալով նրանց սուգը՝ մենք ցանկանում ենք մեկ օր մշակույթի միջոցով, Գոհար Հովհաննիսյանի ազգային երգերի միջոցով մեծարենք նրանց: Ֆինանսական աջակցությունները շատ կարևոր են, բայց հերոսածին մայրերն արժանի են նաև շնորհակալության»,-նշում է համերգի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը: Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակից դառնալ մեզ համար իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա ազգագրական, ժողովրդական և ռազմահայրենասիրական երգերով: