Կանադայում պարզում են՝ ինչպես է Թուրքիային վաճառված ռազմական սարքավորումը կիրառվել արցախյան պատերազմում՝ քաղաքացիական անձանց դեմ

Կանադական արտադրության սարքավորումը, որը նախատեսված է ավիահարվածներ իրականացնող անօդաչուների համար և կիրառվել է արցախյան վերջին պատերազմում, ընդգրկված է սահմանափակ ռազմական սարքավորումների ցանկում, որոնք Օտտավան հաստատել է Թուրքիա արտահանելու համար: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Globe and Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ էլեկտրոնային փոստից ստացված տեղեկությունները փաստում են, որ Թուրքիայի համար նախատեսված ռազմական սարքավորումն Ադրբեջանի կողմից օգտագործվել է արցախյան պատերազմում: Էլեկտրոնային տեղեկությունները հանրայնացրել են Կանադայի Համայնքների պալատի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը այժմ պարզում է, թե ինչպես է արցախյան պատերազմում կիրառվել թիրախավորման և նկարահանման համար նախատեսված սարքավորումը, որը պատրաստվել է կանադական Բերլինգթոն քաղաքում (Օնտարիո) և վաճառվել է Թուրքիային:

Կանադան ներքին օրենսդրության և զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրի համաձայն՝ պարտավորվում է կանխել, հետևել և հայտնաբերել ռազմական նշանակության ապրանքների արտահոսքը այլ մարդկանց և կազմակերպությունների, որոնք գնորդ չեն հանդիսացել: Բացի այդ, երկիրը պարտավորվում է կասեցնել այնպիսի զենքի արտահանումը, որն օգտագործվել է քաղաքացիական անձանց վնասելու համար: