Ինչպես է զանգվածը որակազրկվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ժամանակակից հայաստանյան զանգվածը ներկայացնող նիկոլականները՝ իրենց ոչ այնքան հզոր ինտելեկտի և ոչ այնքան լայն մտահորիզոնի շրջանակում այս օրերին «քլնգում են» Տեր-Պետրոսյանին, որը պարզապես արձանագրում է իրենց շեֆի կամ իրենց կուռքի ոչ ադեկվատ և աթոռապաշտ լինելը: Իմքայլականները «քլնգում են», զանգվածն ուրախանում է՝ «վախ, ցավդ տանեմ, չոտկեցիր, խզարեցիր, պորտը տեղը դրեցիր»: Բայց եկեք մինչև վերջ անկեղծ լինենք՝ ե՞րբ դրվեց նման ոճի հիմքը, ո՞վ էր ասում՝ «ով մեր դեմ է, նա սրիկա է», ո՞ր ցուցակով Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր դարձավ:

Բարեկամներիցս մեկը հարցնում է՝ ինչպե՞ս եղավ, որ 1988-ի որակյալ զանգվածն իր լիդերներով դաստիարակեց անորակ զանգված՝ անորակ լիդերներով: Կարևոր հարց է՝ արժե դրա մասին մտածել: Նիկոլականները հիմա «գրքեր են այրում»՝ այդ արտահայտության, իհարկե, փոխաբերական իմաստով. 21-րդ դարի Հայաստանում, հավանաբար, հնարավոր չէ բառացիորեն անել այն, ինչ արվում էր 1930-ականների Գերմանիայում: Բայց հիմքում նույնն է. այսօրվա պայքարը մտքի, գիտելիքի, մտահորիզոնի, լայնախոսության, ամեն մի երևույթում տարբեր կողմեր և երանգներ տեսնելու դեմ է: Որովհետև, եթե նրանց ընտրազանգվածը հանկարծ սկսի իր ուղեղն աշխատեցնել, ապա գուցե հրաժարվի «ով Նիկոլին դեմ է, նա սերժառոբական է» բանաձևից՝ բանաձև, որը նպաստում է այսօրվա իշխանության պահպանմանը:

Ի՞նչ է պետք է դրան հակադրել: Խոսքը քաղաքական գործիչների, ընդդիմադիրների մասին չէ՝ քանի որ ես, ճիշտ ասած, չեմ հավատում, որ իշխանափոխությամբ հնարավոր է դուրս հանել մեր երկիրն անդունդից: Եթե մեզանում ժողովրդավարություն է, ապա միֆերով ապրող քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դարձյալ կընտրի Փաշինյանին, կա՛մ նրա նման որևէ մեկին, որը Հայաստանը կտանի նոր աղետների: Հետևաբար, քաղաքական պայքարի շրջանակում մենք այսօր որևէ առաջընթացի չենք հասնի: Ամբոխահաճո տգիտությանը պետք է հակադրել գիտելիքը, հիշողությունը, մշակույթը՝ այն, ինչ մշակված է դարերի ընթացքում: Դարձյալ այլաբանորեն ասած՝ գիրք այրելուն պետք է հակադրել գիրք կարդալը: Հիշո՞ւմ եք Ռեյ Բրեդբերիի վեպը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: