Փրկարարները 2 դի են դուրս բերել Նորամարգի ջրանցքն ընկած ավտոմեքենայից, մեկ քաղաքացի փրկվել է

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։