Մարալ Նաջարյանից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Սիրանուշ Սահակյան

Լիբանանահայ Մարալ Նաջարյանից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա։ Այս մասին ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Գրում է News.am-ը։

«Երեք կանանց տվյալները ներկայացրել ենք համապատասխան կառույցներին։ 3 կին քաղաքացիական անձ հայտնվել է Ադրբեջանի հսկողության ներքո։ Ադրբեջանը չի հաստատում նրանց պաշտոնապես գերեվարման հանգամանքները։ Ունենք նաեւ դեպքեր, երբ տեղահանված անձինք սպանվել են»,- նշեց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ երկու կանայք գերեվարվել են պատերազմի ընթացքում, մեկը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։

Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում գերիների նոր խմբի վերադարձ է սպասվում, Սահակյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ առաջիկայում նման զարգացումներ չեն լինելու։ Այս պահին այդպիսի արտաքին քաղաքական նախադրյալներ չկան։ Մենք նոր կառույցների ներգրավման ակնկալիք ունենք դատական գործընթացների շրջանակում։ Մենք դիմել ենք դատարան, որպեսզի խնդիրն ուղարկի Նախարարների կոմիտե։ Չենք բացառում, որ ընթացող դատական գործընթացի շրջանակում Եվրոպական դատարանը կդիմի Նախարարների կոմիտե, որպեսզի քննարկվի անհապաղ միջոցների չկատարման հարցը։ Դա կմեծացնի Եվրոպայի խորհրդի շրջանակում քաղաքական ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Այդ զարգացման դեպքում չենք բացառում, որ այս կառույցի հովանու ներքո որոշ տեղաշարժեր արձանագրվեն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․