Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից

Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը չեղյալ է հայտարարել 1992թ. Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից:

«Կցանկանայի ներողություն հայցել ամերիկահայ համայնքից վերջին հայտարարության համար, որը հրապարակվել էր Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին:

Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր առանց ընթացակարգին բնորոշ մեր կողմից իրականացվող ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել չեղարկել հայտարարությունը»,-նամակում գրել է Ուոլշը։

Այս քայլն իրականություն է դարձել համահայկական ջանքերի շնորհիվ, որը գլխավորել են Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բոստոն շրջանի համայնքային փաստաբանների կոալիցիան: