Հաստատվել է կորոնավիրուսային վարակի 748 դեպք. ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ. Անահիտ Ավանեսյան

«Երեկ իրականացվել է 4385 թեստավորում, որից դրական է եղել 748-ը»,- կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նկատեց, որ հիվանդացության նման աճը կանխատեսել էին դեռ նախորդ շաբաթ:
Նրա խոսքով՝ փաստացի բուժում է 6772 բուժառու, որից 901-ը հոսպիտալացված է:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ օրվա դրությամբ ծավալված է 9 բժշկական կենտրոն:
Հայտնելով, որ ներկայում ազատ է մոտ 100 մահճակալ՝ Անահիտ Ավանեսյան նկատեց, որ շարունակվում են ծավալման աշխատանքները:

«Ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ և պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավելի չլինի այն կարողություններից, որը ունենք»,- հայտարարեց նախարարը և զգուշացրեց, որ պետք է  խուսափել այն վիճակից, երբ հնարավորություն  չէին ունենում հիվանդներին հիվանդանոցային օգնություն ցուցաբերել:  

Նշենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով, մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 761945 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք: