Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մենք ԱԱԾ չունենք, հակառակը` այն գործում է ՀՀ ազգային անվտանգության դեմ

Կարդալով «ԱԱԾ» կոչվածի հրապարակած երեկվա պարզաբանումը , դարձյալ համոզվեցինք, որ ազգային անվտանգության ծառայություն չունենք, հակառակը` այն գործում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ:

Պարզաբանման մեխը Սյունիքի մարզում ավտոմեքենայից ադրբեջանախոս անձանց կատարած նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ այն է, որ «տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում»:

«ԱԱԾ» կոչվածն այսպիսով ցանկանում է ասել, որ տվյալ տեսանկարահանումը նոր չի կատարվել, այլ դեռևս մեկ ամիս առաջ, այսինքն` այդ ժամանակ են ադրբեջանցի զինծառայողները հայտնվել Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում, ռուս սահմանապահների ուղեկցությամբ են եղել, նրանց երթևեկությունը նախապես համաձայնեցված է եղել, հետևաբար անհանգստանալու բան չկա: Իսկ ո՞վ է ասել կամ գրել, թե տեսանկարահանումը նոր է կատարվել… Ի դեպ, խոսքն այն տեսանյութի մասին է, որում թշնամու սպաներն ավտոմեքենայով անցնում են Կապան քաղաքով, երթևեկում Սյունիքում ու նկարահանում ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։

Նախ, ընդունենք, որ խնդրո առարկա տեսանկարահանումն իսկապես կատարվել է պարզաբանման մեջ նշված ադրբեջանցի զինծառայողների կողմից և հենց 1 ամիս առաջ: Հետո ի՞նչ… Հիմա Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներ չկա՞ն, տեսանկարահանումներ (և ոչ միայն…) չե՞ն կատարում, նրանց երթուղին, գործողությունները մի՞շտ են նախապես համաձայնեցված…

Երկրորդ. կրկնում ենք իր ֆեյսբուքյան էջում ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի տված, «ԱԱԾ» կոչվածին ուղղված ու ցայսօր անպատասխան մնացած հարցերը.

«Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։

Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրականացնել մեր տարածքում։ Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։

Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։

Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել» (իրականացնելու թույլտվություն, իրավունք)։

Եվ արդեն մեր կողմից ամենակարևոր հարցը` ադրբեջանցի զինծառայողներն ընդհանրապես ի՞նչ գործ ունեն Սյունիքի մարզում, ո՞վ կամ ովքեր են ՀՀ Սահմանադրության և օրենսդրության խախտմամբ, պետական դավաճանություն կատարելով, Սյունիքի մարզից տարածքներ նվիրել ու թույլատրել, որ ադրբեջանցիները ոտք դնեն այնտեղ, սահմանազատում անեն, տիրեն այդ տարածքներին, խախտեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Դավաճան Նիկոլի կեղտոտ գործիքի ու քաղաքական պոռնկի վերածված, քաղաքական կոռուպցիայի մեւ խրված «ԱԱԾ» կոչվածի ղեկավարությունը փոխանակ ՀՀ տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ վերոնշյալ և մի շարք այլ հանցագործություններ թույլ չտար, կանխեր, դավաճանին ու նրա հանցակիցներին ձերբակալեր, հիմա մեր գլխին լոլոներ է կարդում` իրեն հաշիվ չտալով, որ վաղը կամ մյուս օրը դավաճանի հետ միասին օրենքի ու դատարանի առջև ինքն էլ է պատասխան տալու, առնվազն` հանցավոր անգործության համար ու դրանով պետական դավաճանությանն օժանդակելու:

ԱԱԾ-ում տեղյակ են, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի ոչ միայն Ադրբեջանին հանձնված, այլև չհանձնված առանձին տարածքներում անցուդարձ են անում կամ եթե ոչ հենց այս պահին, ապա վաղը, առաջիկայում կարող են երթևեկել: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, «ԱԱԾ» կոչվածն իրեն քննադատությունից ապահովագրելու, այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությունը փաստող ու նոր կատարված տեսանկարահանումների հայտնվելու դեպքում նրանց ներկայությունն ու շարժը սովորական, նորմալ, անհանգստության տեղիք չտվող մի բան ներկայացնելու միտումով ահա թե ինչ է գրել իր պարզաբանման մեջ.

«Անհրաժեշտ է կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»:

Նախ, շարունակաբար իրականացվող այդ ի՞նչ «համապատասխան ընթացիկ աշխատանքներ»-ի մասին է խոսքը… «ԱԱԾ» կոչվածն իր հրապարակումը վերնագրելով «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ», ինչո՞ւ դրանում չի բացատրել, պարզաբանել, թե Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի և հարակից հատվածներում որոշակի ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և իրականացվելու:

«ԱԱԾ» կոչվածի համար հատուկ ընդգծեմ, որ Սյունիքի մարզում ադրբեջանցիների ներկայությունը փաստող ու մեր հայրենիքի վտանգված լինելու մասին ժողովրդին ճշմարտությունը, իրականությունը ներկայացնող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ իր գնահատականը` «հանրային լարվածություններ ձևավորելուն միտված», չափազանց սխալ է, իսկ իր այս պարզաբանումը, ինչպես և այլ հրապարակումներ, ուղղակիորեն միտված են հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելուն, որպեսզի հասարակությունը թմրի, չըմբոստանա, չդիմադրի` մինչև դավաճանն իր հանցախմբի հետ միասին, արտաքին թշնամու հետ համաձայնեցված, ներդաշնակ կերպով Սյունիքում իրենց սև գործը կատարեն, Նիկոլն Ալիևին իր տված հանցավոր խոստումներն իրականացնի:

Անթույլատրելին «ԱԱԾ» կոչվածի վերոնշյալ ու նմանաբնույթ պարզաբանումներն են:

Մեզ հրաշալի հասկանալի է, թե ինչու է նախապես սահմանափակվել լրագրողների մուտքը (միայն ԱԱԾ թույլտվությամբ) Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր ու տարածքներ: Իհարկե, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, նրա գլխավորած կառավարությանն ու դավաճան Նիկոլի կամակատար «ԱԱԾ» կոչվածին ձեռնտու չէ, որ լրագրողները տեղում տեսնեն վիճակը, լսեն ճշմարտությունը, այդ թվում նաև` Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում ադրբեջանցի սահմանապահների կողմից սահմանապահ վերակարգերի տեղակայման վերաբերյալ, ու դրանից հետո իրականությունը փոխանցեն հանրությանը:

«ԱԱԾ» կոչվածը կորցրել է իրականության համարժեք ընկալումը ու կարծում է, թե երբ իր պարզաբանման մեջ նշում է Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ ևս «լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող» լուրերի, դրանց` դարձյալ իրականությանը չհամապատասխանելու մասին, իրեն հավատացողներ կան: Եթե նույնիսկ կան, ապա չափազանց քիչ…

«ՀՀ  ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից»,- նշված է «ԱԱԾ» կոչվածի պարզաբանման վերջում:

Թե է «ԱԱԾ» կոչվածի սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում, ընդհանրապես, Սյունիքում իրավիճակն իրականում ինչպես է վերահսկվում, մասամբ արդեն անդրադարձել ենք մեր «Արդեն կարելի է այն տպավորությունը ստանալ, որ ԱԱԾ ու ՊՆ ղեկավար կազմերը ծառայում են թշնամուն. անողոք փաստեր» վերտառությամբ հրապարակման  մեջ, հետևաբար դրանում նշված փաստերը չենք կրկնի:

«ԱԱԾ» կոչվածի վերոնշյալ խայտառակ պարզաբանմանը դեռ կանդրադառնանք, որպեսզի այնտեղ հաջորդ անգամ որևէ բան բլթացնելուց և իրենց կայքում հրապարակելուց առաջ լավ մտածեն…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան