Արդեն կարելի է այն տպավորությունը ստանալ, որ ԱԱԾ ու ՊՆ ղեկավար կազմերը ծառայում են թշնամուն. անողոք փաստեր

Ցավոք, արդեն կարելի է այն տպավորությունը ստանալ, որ ԱԱԾ ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարն ու նրա տեղակալ Արման Սարգսյանը կամա թե ակամա, գիտակցելով թե չգիտակցելով, ծառայում են ոչ թե ՀՀ ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, մեր պետության ու նրա քաղաքացիների շահերին, այլ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներից մեկին` Ադրբեջանին: Հասկանալի է` դժվար է հավատալը, բայց ԱԱԾ-ն վերածվել է ազգադավ Նիկոլի կեղտոտ գործիքի:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մարտի 3-ին  ահազանգեց, որ ադրբեջանցիերը Սյունիքում սկսել են խրամատներ փորել: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է .

«Հայե՜ր, ուշքի եկեք…

Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։

Բայց արի ու տես, որ թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։

Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…

Հայե՜ր, ուշքի եկեք»:

Նույն օրը Գորիսի քաղաքապետի մյուս տեղակալը` Իրինա Յոլյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է համապատասխան լուսանկարներ ու գրել .

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին  պատախանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում. խաթարված ու վտանգված է  գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ մարդ կա ասում է՝ Սյունիքում  տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»:

Ադրբեջանցիների կողմից կատարվող ինժեներական աշխատանքներին NEWS.am -ի հետ զրույցում անդրադարձել է նաև Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը.

«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են եւ ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետեւ այդտեղ խրամատներ չպետք է լինեն»:

168.am -ը երեկ տեղեկացրել էր, որ «չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում»:

«Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն (բացեն.- Ա. Հ.), իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- 168.am –ի հետ զրույցում ասել էր Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

Ի պատասխան Որոտանում թշնամու կողմից խրամատներ փորելու վերաբերյալ տրված հարցին, ԱԱԾ–ից 168.am -ին երեկ հայտնել են.

«Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից առ այսօր եղե՞լ է գեթ մեկ կրակոց ադրբեջանական կողմի վերակարգերի կամ նրանց տեղակայման վայրերի ուղղությամբ…

Կամ` ապօրինաբար որոշված սահմանը գոնե 1 մետրով հատելու, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ Սահմանադրության խախտմամբ, դավաճանաբար թշնամուն հանձնված Սյունիքի տարածքների ուղղությամբ առաջանալու որևէ փորձ եղե՞լ է նույն  այդ զորքերի կողմից, որ ադրբեջանական կողմը որոշել է իր վերակարգերի տեղակայման վայրերում անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ իրականացնել: Այդ ումի՞ց և ինչի՞ց են իրենց անվտանգությունն ապահովում… Այլևս «հարգարժան» ԱԱԾ-ում այս ի՞նչ են բստրել, մոգոնել` թշնամու որոշակի ու նպատակաուղղված գործողություններն արդարացնելու և հայ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար:

Ի՞նչ է, ԱԱԾ-ում իսկապե՞ս չգիտեն կամ չեն գիտակցում, որ Ադրբեջանը նախապատրաստվելով պատերազմի, իր սահմանն ամրապնդում է նաև այդ ուղղությամբ, կամ էլ շատ լավ հասկանում է, որ Հայաստանում ազգադավ իշխանություններից հետո, որոնց, ի դեպ, քիչ ժամանակ է մնացել, ազգային ու պետական շահերով առաջնորդվող նոր իշխանություններն իրենից ոչ միայն պահանջելու, այլև համապատասխան քայլեր են կատարելու` ստանալու համար Սյունիքի այն բոլոր տարածքները, որոնք ինքը նվեր է ստացել դավաճան Նիկոլի, ՀՀ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության կողմից և ապօրինի տիրապետում է: Մեր Հայրենիքի բոլոր այն տարածքները, որոնք նշված չեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ ու հայերիս համար կապիտուլյացիոն համաձայնագրում, դուրս են դրանից:

Ինչ վերաբերվում է ԱԱԾ այն հավաստմանը, թե «…նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան», ապա դրա վրա, որպես մի խայտառակ զավեշտի, կարելի էր լիաթոք ծիծաղել, եթե իրավիճակն այսչափ ողբերգական չլիներ: Եթե ԱԱԾ սահմանապահ զորքերն իրավիճակն իսկապես վերահսկող լինեին, ապա մեր Հայրենիքի այդ տարածքները չէին անցնի թշնամուն:

ԱԱԾ-ից բացի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նույնպես ասել է, թե անհանգստանալու կարիք չկա: «Եռաբլուր» պանթեոնում երեկ անդրադառնալով հարցին, թե պաշտպանության նախարարությունը պարզե՞լ է, թե ադրբեջանցիներն ինչ ինժեներական աշխատանքներ են կատարում Որոտանի հարակից տարածքներում, նա լրագրողներին ասել է` ուրիշ օր անպայման դրա մասին կխոսենք:

«Կա Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, դրա շրջանակներում մենք պատշաճ տեղեկատվություն կտանք։ Սյունեցիները բացարձակ անհանգստանալու կարիք չունեն»,- ասել է  Արման Սարգսյանը։

Իրականում հասկանալու համար` անհանգստանալու առիթներ չկա՞ն թե կան, սյունեցիներն անհանգստանալու կարիք չունե՞ն թե ունեն, ԱԱԾ-ին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին խորհուրդ կտայի ծանոթանալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին, հրապարակած տեղեկություններին:

Վերոնշյալ պաշտոնյաներին նույն նպատակով խորհուրդ կտայի ծանոթանալ նաև ՀՀ իշխանության կողմից Սյունիքի տարածքների մի մասը թշնամուն դավաճանաբար հանձնելուց հետո տվյալ սահմանամերձ հատվածներում առկա իրավիճակի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կատարած հետևյալ գրառմանը, ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հրապարակմանը , ինչպես նաև պարոն Թաթոյանի այլ հայտարարություններին ու հրապարակած տեղեկություններին: Խոսքը բաց աղբյուրների մասին է, ծանոթանալն էլ` անվճար… Խորհուրդ կտայի նաև այցելել Շուռնուխ, Որոտան, Սյունիքի մարզի այլ բնակավայրեր, զրուցել տեղի բնակիչների հետ, և դրանից հետո հանրությանը փոխանցել ճշմարտությունը, ոչ թե կեղծիքը:

Իսկ գուցե ԱԱԾ-ն և Արման Սարգսյանը շատ լավ էլ գիտե՞ն իրականությունը, պարզապես խնդիր կամ վերևից տրված հանձնարարություն, առաջադրանք ունեն մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու` մինչև…

«Հակառակորդն ամբողջ սահմանի լայնքով ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում և անում են նաև գործողություներ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, սակայն դա թողած զբաղվում է ֆեյքերով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Վահե Հակոբյանը նշել է, որ ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում՝ սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակոցների, նույն այդ ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, անընդհատ կրակում են, և միաժամանակ օգտագործելով այլ երկրների կազմակերպությունների անուններ, մոտենում են բնակիչներին, գնում են ամեն ինչ, ինչ վաճառվում է Սյունիքում՝ առաջարկելով մի քանի անգամ ավելի գումարներ:

«Եվ թե ովքեր են այդ հիմարկների իրական տերերը, այ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասել է Սյունիքի նախկին մարզպետը:

Հետաքրքիր է, եթե Արման Սարգսյանի տան մոտ իր և իր ընտանիքի հանդեպ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված անձինք կրակեին կամ, թեկուզ, կանգնեին տան դռան դիմաց, Սարգսյանն անհանգստանալու կարիք չէ՞ր ունենա… Եթե հաճախակի կրակոցների ձայներ լսվեին ԱԱԾ շենքի մոտ, ԱԱԾ-ն կհամարե՞ր, որ անհանգստանալու առիթներ չկան…

Հիմա արդեն լիովին պարզ է, թե ինչու է սահմանափակվել (միայն ԱԱԾ թույլտվությամբ…) լրագրողների մուտքը Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր. չէ՞ որ նրանք կիմանային ճշմարտությունը և այն կհասցնեին ժողովրդին, իսկ այսպես ապահով է, հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու ԱԱԾ և այլոց ջանքերը չեն խափանվի:

Խելքերդ գլուխներդ հավաքեք, Հայրենիքի նկատմամբ դավաճանությունը որևէ մեկին չի ներվում: ՊԱՏԱՍԽԱ՛Ն ԵՔ ՏԱԼՈւ:

 

Արթուր Հովհաննիսյան