Ընդդիմության երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում. կառավարության շենքի մոտ ցուցադրաբար մեջքով շրջվեցին

Ընդդիմության երթը, որը սկիզբ առավ Բաղրամյան պողոտայում կայացած հանրհավաքից հետո, թեքվեց դեպի Պռոշյան փողոց, ապա Պարոնյան փողոցով հասավ Մյասնիկյան արձանի մոտ, Վազգեն Սարգսյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ: ԱԳՆ-ի ևդատախազության շենքերի մոտ ցուցարարները կոչեր հնչեցրեցին:

Մասնավորապես, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ի մոտ հայտարարեց, որ սա ամենախեղճ նախարարությունն է. «Խեղճ եմ ասում, մեղք եմ ասում, որովհետև նրանք կատարում են խելագար և անիմաստ հանձնարարականներ: Խեղճ ու կրակ դիվանագետներ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողի դավաճանության, խելագարության, անպատասխանատվության պատճառով ամեն օր խայտառակվում են»:

Նույն Գեղամ Մանուկյանը Դատախազության շենքի մոտ հայտարարեց. «Սա այն կառույցն է, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրված մեղադրանքները: Մենք պարբերաբար ձեզ հիշեցնելու ենք ձեր պրտականությունը՝ դուք ունեք մի կարեւոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին:

Հերիք է առանձին զրույցներում արդարանաք, թե աշխատում ենք՝ հրահանգ ենք կատարում: Պետք է կանգնեք ժողովրդի կողքին եւ մաս չդառնաք դավաճանությանը»:

Իսկ երբ երթը հասավ կառավարության շենքի մոտ, երթի մասնակիցները ցուցադրաբար մեջքով շրջվեցին:

Այստեղից երթը մտավ Նալբանդյան փողոց, Սայաթ Նովա, ապա Բաղրամյան պողոտա: Այստեղ բազմաթիվ ավտոբուսներ էին կայանված, որտեղ ոստիկաններ էին: Գեղամ Մանուկյանն ասաց. «Նայեք, թե քանի ավտոբուս է կանգնած ու չափեք Նիկոլի վախը: Այնքան է վախենում, որ ամբողջ ոստիկանությանը հավաքել, բերել է Երեւան»:

Երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր՝ Բաղրմյան պողոտայում: