Իշխանությունն իր պահվածքով ուղերձ տվեց, որ դատական համակարգը լավ է աշխատում. Մարուքյան

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ռեսուրս է ծախսվում. օրենսդիրը հանրային ուշադրությունը կենտրոնացնում է մի հարցի վրա՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն, ու վերջում ոչ ոք չի ընտրվում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իշխանության կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության տապալմանը։

Նրա խոսքով, եթե անգամ քաղաքական մեծամասնությունը խնդիր ունի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, անհասկանալի է՝ ինչու չեն ընտրվում դատավորներ, որոնք այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունեն։

Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանության վարքագիծը աբսուրդ է, ռեսուրսի, շանսերի վատնում, այն էլ այնպիսի երկրում, որը, իր խոսքով, որևէ բան վատնելու իրավունք չունի։

«Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահին. Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել, բայց ինչ է դուրս գալիս, որ իշխանությունները, երբ ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և հիմա բողոքի ձայն են հնչեցնում, որ այդ հրահանգները չեն կատարվում։ Հիմա ինչ է դուրս գալիս. մենք ասում ենք, որ ուզում ենք արդար դատական համակարգ, իսկ մյուս կողմից, ուզում ենք կամակատար դատական համակարգ, որից իշխանությունը գոհ կլինի»,- նշեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում կա մի հետաքրքիր ինդիկատոր, եթե գործադիրն ու իշխանությունը քննադատում են դատական իշխանությանը, ուրեմն վերջինս լավ է աշխատել։

«Իշխանությունն իր պահվածքով ուղերձ տվեց միջազգային կառույցներին, որ այս համակարգը լավ է աշխատում»,- կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։