Օնիկ Գասպարյանը՝ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Պետք է այս իրավիճակից ելնելով ընդդիմությունը վարչապետի իր միասնական թեկնածու հայտարարի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այսօր Բաղրամյան պողոտայում  Livenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Ես կարծում եմ, որ ընդդիմության գործելակերպն այս պահին չի համապատասխանում այն իրավիճակին, որն առկա է։ Ես, որպես ընդդիմադիր 17 կուսակցություններից մեկի ղեկավար,  պատրաստվում եմ նման առաջարկով հանդես գալ։ Կարծում եմ, որ ընդդիմության ներկայացուցիչները պետք է նման առաքելությամբ մեկնեն Օնիկ Գասպարյանի մոտ և նրանից հայցեն իր համաձայնությունը՝ դառնալ ընդդիմության միասնական թեկնածու»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանը կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը սատարում են հենց Օնիկ Գասպարյանին․

«Եթե ժողովուրդն էլ կանգնի նրա թիկունքին, ապա այլևս որևէ ուժ չի կարող հակադրվել ժողովրդի և բանակի միասնականությանը։ Կարծում եմ, որ նման հայտարարությամբ հանդես գալուց հետո այստեղ հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կհավաքվեն»,- նշեց Իսագուլյանը։

«Բանակն, ըստ էության, ոչ թե ընդդիմությանը կամ իշխանություններին աջակցություն հայտնեց, այլ բռնեց  պետականության կողմը՝ հստակ հայտարարեց, որ ինքը կանգնած է պետության և ժողովրդի կողքին, ինչին հետևեց իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի պետին թիրախավորելը։ Կարծում եմ, որ մարտավարական առումով ընդդիմությունն ի հակակշիռ իշխանության նման պահվածքի, պետք է հայտարարի, որ փոխում է իր միասնական թեկնածուին՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի։ Շատ հարգում եմ Վազգեն Մանուկյանին, ես նրանից շատ բան եմ սովորել, իմ ավագ ընկերն է, բայց այս պահի դրությամբ պետք է մարտավարությունը փոխել։ Այս քայլով մենք ցույց կտանք իշխանություններին, որ իրենց ջանքերն իզուր են և ժողովուրդը կանգնած է Օնիկ Գասպարյանի թիկունքին»,- եզրափակեց Իսագուլյանը։