Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետի երաշխիքն է

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված չէ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ հանրապետության նախագահի կողմից պաշտանանկ անել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին։ Դա շատ կարևոր հանգամանք է․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չպետք է փոփոխության ենթարկվի՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Այսօր Բաղրամյան պողոտայում  Livenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Սահմանադրությունը գրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հանկարծ մեր բանակը կամ նրա ղեկավարությունը արհեստականորեն չընկնեն քաղաքական վայրիվերումների մեջ և զոհ գնան տվյալ պահի քաղաքական իշխանությանը։ Ինչպես տեսնում ենք ներկայիս քաղաքական իշխանությունները մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ այդ թվում հայրենիքի դավաճանության մեջ, և դա փաստ է․ մենք կորցրել ենք Արցախի 80 տոկոսը, իսկ այժմ կորցնում ենք Սյունիքը։ Պատճառը ներկա քաղաքական իշխանությունն է։ Եվ այս առումով ճիշտ է, որ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանին կարող են զբաղեցրած պաշտոնից ազատել բացառապես սեփական դիմումի համաձայն։ «Եթե Գլխավոր շտաբի պետը դառնար տարբեր քաղաքական խաղերի արդյունքում գործից հեռացնելու սուբյեկտ, ապա պատկերացրեք՝ ինչ ծանր վիճակում կհայտնվեր բանակը»,- նշեց Իսագուլյանը՝ ևս մեկ անգամ, հղում կատարելով լավագույն սահմանադրագետներին, նշելով, որ որևէ իրավական ակտով Գլխավոր շտաբի պետին չեն կարող ազատել զբաղեցրած պաշտոնից։

«Եթե ոստիկանության կողմից ուժ գործադրվի ժողովրդի վրա՝ բանակն ուղղակի կմտնի մայրաքաղաք»,- ըստ  Իսագուլյանի՝ այս միտքն արտացոլված էր ԳՇ այսօրվա հայտարարությունում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ ուժայինների ղեկավարների հետ հերթական հանդիպմանը՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց․«Փաշինյանն այսօր ֆորմալ առումով է միայն ՀՀ վարչապետ, իսկ իրականության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի, գոյություն ունի դավաճան Նիկոլ Փաշինյան, որը պետք է կանգնի դատարանի առջև»։

Մանրամասն՝ տեսանյութում