Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Հայաստանի նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի Արմեն Գևորգյանն այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին չէր ներկայացել։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին տեղեկացրեց, որ Ա. Գևորգյանի առողջական խնդիրները սկսվել են փետրվարի 28-ին, իսկ երեկ երեկոյան բարձրացել է ջերմությունը։ Այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը կլինի օրվա վերջին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղադասարյանն առարկեց՝ դատարանին առաջարկեց Գևորգյանի բացակայությունը անհիմն համարել։

Սա բարկացրեց Էրիկ Ալեքսանյանին, նա նշեց, որ այս պահին Գևորգյանը ներկա չէ, հետևաբար որևէ մեկը չի կարող նրա վարքագծի մասին գնահատական հնչեցնել։ Նա նաև հիշեցրեց, որ նույն դատախազն իր բացակայությամբ իր վարքագծի մասին գնահատական էր տվել նաև նախորդ դատական նիստում։

Փաստաբանը նշեց, որ հաջորդ նիստին կներկայացնեն թե թեստի պատասխանը, թե բուժզննության նշանակման վերաբերյալ փաստաթուղթը։

Դատարանը հարցրեց, արդյո՞ք Ալեքսանյանը շփվել է Գևորգյանի հետ։ Փաստաբանը տեղեկացրեց՝ շփվել է։ Դատարանը խնդրեց նրան նախապես թեստ հանձնել, որպեսզի հետագայում նիստի հետաձգման վտանգ չառաջանա։ Ալեքսանյանը հայտնեց, ինքն արդեն կորոնավիրուսով հիվանդացել է, այս ընթացքում փոքր է կրկին հիվանդանալու հավանականությունը։

Շփման մասին լսելով՝ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը փոխեց իր տեղն ու արժանացավ դատարանի նկատողությանը։ Պողոսյանն ասաց՝ ինքը չի հիվանդացել։

Ի վերջո դատարանը որոշեց մեկ շաբաթով հետաձգել նիստը։