Մենք կարող ենք միաբանվել, միավորվել, ազատվել չարի խաբկանքներից, խավարամտության ստրկությունից

Սիրելի բուժաշխատողներ

Ակնհայտ է, որ մեր երկիրը կանգնած է բազում մարտահրավերների և սպառնալիքների առջև, այդ թվում՝ առողջապահական։ Սակայն մեր հայրենիքի կորստի դեպքում որևէ կերպ այլևս մենք չենք կարող դիմակայել դրանց, քանի որ կվտանգվի անգամ հայրենի երկրում ապրելու մեր իրավունքը։

Քաղաքակրթական աղետից խուսափելու համար մեր մեջ պետք է արթնանա հայրենասեր, ճշմարտասեր, բարեպաշտ, աստվածավախ, բարձր քաղաքացիական գիտակցություն ու կազմակերպվածություն ունեցող քաղաքացին, ով պետք է հաստատակամորեն տեր կանգնի իր դարերից ժառանգած սրբություններին, մասունքներին, ավանդական ընտանիքին, ազգային նկարագրից բխող արժեհամակարգին։

Վերլուծելով, գիտակցելով մեր սխալները, ապաշխարելով և կրկին ոտքի կանգնելով մենք կարող ենք միաբանվել, միավորվել, ազատվել չարի խաբկանքներից, խավարամտության ստրկությունից և վերստին որդեգրվելով Լույսին՝ հզորանալ ու զարգանալ։

Դա հնարավոր է միայն հենվելով մեր պետության դարերի խորքից եկող կարևորագույն երկու ինստիտուտների՝ բանակի և եկեղեցու վրա, որոնց շնորհիվ պահպանել ենք մեր ազգային ինքնությունը, տեսակը, արժանապատվությունը, ապրելու և գոյատևելու իրավունքը:

Սիրելով մեր սուրբ նահատակների արյունով ներծծված հայրենի երկիրը, շարունակելով պատվով կատարել մեր մասնագիտական պարտականությունները, լսելով մեր խղճի ձայնը, դուրս գալով անտարբերության թմբիրից՝ լինենք մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներ։

Արժանապատիվ բուժաշխատողների միություն