«Արայիկ, դավաճան», «Նիկո՛լ դավաճան». արցախցիների ակցիան այսօր կշարունակվի

Ինչպես Հայաստանում, Արցախում ևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Արցախում հնչում են «Նիկոլ դավաճան», «Արայիկ դավաճան» վանկարկումները։

Քաղաքացիները Ստեփանակերտում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ ցույց տալով իրենց աջակցությունը ՀՀ Զինված ուժերին։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա Կառավարությունը պետք է հրաժարական տան, սկսվել են լայնամասշտաբ բողոքի ակցիաներ։ Քաղաքացիները անհնազանդության կոչերով պահանջում են, որպեսզի հայրենիքը «դավաճանած» ղեկավարը հրաժարական տա։ Ակցիայի մասնակիցները գիշերել են Բաղրամյան պողոտայում։

Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է նաև Արցախը։ ԱՀ երեք կուսակցություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին և ՊՆ-ին։

«Իրավունք»-ի տեղեկացմամբ, Ստեփանակերտում այսօր ևս սպասվում են անհնազանդության ակցիաներ։