Ճանաչենք մեր հերոսներին. Գևորգ Գրիշայի Մելքումյան

Երկու օր առաջ «Եռաբլուր» պանթեոնում հարազատներն ու մտերիմները վերջին հրաժեշտը տվեցին Գևորգ Մելքումյանին:

Երևանի Գոգոլի անվան թ. 35 դպրոցը ֆեյսբուքյան էջում գրել է իր նախկին սանի մասին. «Գևորգը 2001 թվականին ընդունվել է Երևանի Ն. Գոգոլի անվան հ.35 դպրոց, 9-րդ դասարանը ավարտել է 2009-ին, ապա ուսումը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վարժարանում: Պատերազմի առաջին օրերից մեկնել է ճակատ, մասնակցել մարտական գործողություններին Ֆիզուլիում:

Գևորգին հիշում և սիրում են իր ուսուցիչներն ու ընկերները: Հերոսների մահով սկսվում է նրանց անմահությունը…

Այստեղ կուզեի դնել Գևորգի մասին մի քանի բնութագրական գրառումներ՝ արված նրան լավ ճանաչողների կողմից.

«Երանի փոքր լինեինք, էս նկարի (Մատենադրանի ֆոնով լուսանկարի,-Ա.Ս.) սիրուն օրվա պես չմտածեինք ոչ մի բանի մասին ու չիմանայինք, որ էս օրը գալու ա։

Դպրոցից տուն գալուց միշտ գիտեինք, որ տանը ծեծ կուտենք, բայց մի հատ հավեսով մտնում էինք ցեխաջրերի մեջ, նոր էինք տուն գնում: Փռից տաք մատնաքաշ էինք առնում, ուտելով գնում էինք տուն։ Մեր հաց ու երշիկը ախպերափայ էինք անում, բուլկիներն էլ հետը:

Դպրոցի պատերի վրայով թռնում էինք, պահակը ընկնում էր հետևներիցս, բայց մեր հետևից ո՞վ կհասներ:

Էդքան տարի իրար կողք ենք նստել դասարանում, բայց կյանքում չեմ պատկերացրել, որ էս օրը կգա Գև.. էնքան բարի ու մեծահոգի ես միշտ եղել, որ հիմա էլ կյանքդ չխնայեցիր մեր կյանքերի համար։ Ինչքան երազանքներ ունեիր, որ պիտի անպայման կատարվեին…

Լույսերի մեջ մնաս, լույս տղա…

Գրկում եմ ամո~~ւր»:

Նուշ Աբյան

«Գևը զինվոր կամ զինվորական չէր ու հանգիստ կարար հիմա ողջ առողջ` մեր նման, ապրեր իր ընտանիքի կողքին…

Ինքը գիտեր, որ չի գալու, գիտեր, որ իր մայրն ու եղբայրը էլ նորմալ կյանք չեն ունենալու, գիտեր ինչ ա կատարվում, գիտեր ինչ կռիվ ա գնում, բայց հոկտեմբերի 5-ին հրաժեշտ տվեց բոլորին ու գնաց:

Գնալուց իր խոսքերն են եղել, որ հետ գալու շանսերը 2% են, որ իր տոմսը անվերադարձ ա: Ու ճիշտ էր…

Իրենց ավտոբուսից ոչ ոք չվերադարձավ…

Հոկտեմբերի 14-ից 4 ամիս շարունակ տեղեկություն չկար Գևորգից…

Բոլորիս համար շատ անիմաստ էր իր գնալն ու զոհվելը, բայց երբ իրան համոզել են, որ չգնա, մի քիչ էլ սպասի, ասել ա. «Ո՞նց կարամ նայեմ զոհված տղաների ծնողների աչքերին»… Գևը չգիտեր, որ կարար մեզ` սովորական մահկանացուներիս նման, չնայեր ու փախներ էդ մարդկանց աչքերից…

Ես գիտեմ, որ սաղս էլ ունենք մեր կռիվը էս կյանքում ու սաղս էլ մեռնելու ենք մի օր, Գևը հաղթեց իրա կռվում ու շատ մեծ հարց ա, թե մեզանից ով ա անիմաստ մեռնողը լինելու…:

Սիրանուշ Ասլանյան

Ա.Ս.»

17. 02. 2002