Ինչու Ռուսաստանն այդպես «սիրեց» Նիկոլին

Թե՞ այդ «սերը» առավել վաղ էր հասունացել, դժվար է ասել: Չնայած` դժվար: Կարծել, որ 18-ին Ռուսաստանը սոլո մտավ, հեղափոխության հսկիչ փաթեթն իր ձեռքը վերցնելով,  ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այդ թվում և ՀՀԿ գործարարներին Նիկոլի օգտին քվեարկելուն  լոյալ վերաբերվելով, նույնպես դժվար է ասել. խաղը մեկ օրվա չէր, ու  ռուսական հատուկ ծառայությունների համբավը նվաստս չէ, որ պետք է գնահատի ու տարածի:

Մանավանդ բաց է մնում հաջորդ կարևոր հարցը՝ «ճանապարհային քարտեզը», որն իրականացրեց կապիտուլյանտ Փաշինյանը` մինչ Արցախը հանձնելը, ո՞ւմ կողմից էր գծված: Նկատի ունենք քաղաքական, հոգևոր, մտավոր, բարոյական, իրավական, օրենսդիր, գործառնական, մարդկային այն անապատացումը, հայի դիմազրկումը, նվաստացումը, կոդի ջախջախումը, վերակոդավորումը: Այն հաստատապես ի պատկեր գլոբալիզացիայի էր: Ի պատկեր` արդեն բուն պատվիրատուի` սորոսյան տրանսնացիոնալ հավաքակայանի, որի հիմքում, հաստատապես թուրքական փողեր ու կապիտալ էր «հանգչում»:

Եվ Ռուսաստանը կապ չուներ դրա հետ:

Ասել ենք ու դեռ կասենք. Ռուսաստանն էլ իր հերթին իր լավ օրերը չի ապրում, և որքան էլ փակի տակ է գլոբալիստների հիմնական-երևացող խաղացող Նավալնին, ռուսական գլոբալիստների «ուղեղային կենտրոնները»` գործարար, բանկային, էլիտար համքարությունը ոտքի վրա է, ոտքի վրա են Գրեֆը, Խոդորկովսկին, մնացյալք, որ եթե Ռուսաստանը և Վ. Պուտինը կարողանան Դումայի սպասվող ընտրությունները հորով-մորով անել` իրենց համար խիստ անվնաս, ապա այդ ժամանակ արդեն կարելի է խոսել նոր ստատուս-քվոյի մասին` չմոռանալով, որ մինչ այդ պետք է «տեսնել»` ինչ  է կատարվում աշխարհում, մեր տարածաշրջանում, հատկապես` Իրան-Իսրայել շրջակայքում, ոտ-ոտ` անհասկանալի սահմանագծի մոտեցող Վրաստանում:

Հասկանալի է` Ռուսաստանը «սիրեց» կապիտուլյանտին, որովհետև վերջինս  արեց Ռուսաստանի համար այն, ինչ չէր անի Օլգա Զայոնցը իր սիրելիի համար. կասեր հայտնի կոմանդորը: Բայց դեռ անելիքներ կան:

Ընդդիմության լիդեր փոխող (Ռ. Քոչարյանին նկատի ունենք) Ռուսաստանը, անշուշտ, չի ցանկա` նոր լիդերը խրվի ինչ-ինչ, հայկական ոչ բոլոր շրջանակների համար ընդունելի գործերի մեջ. նոր լիդերը  պետք է ճերմակ ձեռնոցներով, բակենբարդներով գոնե այս փուլում խաղի մեջ մտնի:

Առաջ անցնելով՝ արձանագրենք, որ չի բացառվում, ինչպես Վազգեն Մանուկյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ֆալ-ստարատը` հազար ու մի պատճառով, որոնց մասին այս պահին խոսելն իմաստ չունի:

Մանավանդ, շատերի կարծիքով, Սերժ Սարգսյանի այս օրերի «հայտնությունը» շատ բան փոխեց թե քաղաքական, թե ընդդիմադիր դաշտում` ուժերի դասավորության  և ասելիքի մասով. սուր անցավ քաղաքական դաշտի ու մոտեցումների միջով, և ընդդիմադիր դաշտի տախտակը պետք է կարողանա զարգացումների հետևից ադեկվատորեն արագ տեղաշարժվել, թե չէ առանց այն էլ հույսը Ռուսաստանի վրա դրած, ամորֆ, հին տեխնոլոգիաներով առաջնորդվող կոնգլոմերատը անգամ Ռուսաստանին կարող է այլևս պետք չգալ:

Ի դեպ. քավ լիցի. տողերիս հեղինակը ամենևին թեականությամբ չի վերաբերվում Սերժ Սարգսյանի խոսքերին, որ ինքը լինելով քաղաքականության մեջ, չի հավակնելու այլևս որևէ ղեկավար պաշտոնի: Ավելին` եթե խորհուրդ տալու իրավունք տրվեր, ապա` բացառապես նման խորհուրդ կտրվեր նրան:

Ընդ որում, եթե անկեղծ, նման խորհուրդ պետք էր տալ նաև երկրորդ նախագահին: Ասել է` քեսինջերյան, պրիմակովյան պասաժը այսօր շատ ավելի կարևոր է Հայաստանի ու Արցախի համար, որովհետև այսօր մեր վիրավոր հայրենիքը շատ ավելի խելամիտ խորհրդատուների կարիք ունի, քան կոնկրետ գործառնական ղեկավարի, որին պետք է ուղղորդի ակսակալների փորձառու աչքն ու ձեռքը, միտքն ու ոգին` խիստ սր-տա-ցավ-որեն: Ընդ որում, նկատի ունենք նաև ոչ մի թիզական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին (սա էլ մի առանձին խոսակցության թեմա է,- հեղ)` ակսակալների կոնգլոմերատում:

Նաև` խոր համոզմունք ունենք, որ որքան էլ գեո-ներ-թիմա-քաղաքական հարցերում երկրորդ և երրորդ նախագահները որոշակի տարընթերցումներ ունենան, նրանց ընդհանուր բանականությունը, անցած ուղին, համատեղ աշխատանքը… այսօրվա կորուստները երբեք չեն դառնալու խոր տարաձայնությունների, տեսանելի հակադարձումների առիթ` հուրախություն այլոց:

Ընդ որում, այն, որ նրանք ինչ-որ առումներով տարբեր տակտիկաների, ստրատեգիաների, պայքարի մեթոդոլագիայի, լիդերային սպասումների կրողներ են, դա նույնպես նորմալ է, քանզի այդ հանգամանքը պայքարն ու խաղը ավելի խորքային-գրագետ, ինչու` թիմային առումով մրցակցային է դարձնում:

Սա ապագայի՝ փետրվարի 20-ին սպասվող միտինգից հետո, որում թերևս ակնհայտ կդառնա` ընդդիմությունն առաջվա պես պարզապես ֆորա՞ է տալիս, մասամբ լիգիտիմացնում, երկարակյաց է դարձնում Ռուսաստանից «սիրվող-թրաշվող», աշխարհի միակ լիդեր Պուտինի հետ հեռախոսով մարդատեղ դրվող Նիկոլին, թե ապագա քայլերի բուն-աշխատող մատրիցան է նշմարվելու միտինգում:

Իսկ այժմ այն մասին, թե ինչու է այս փուլում մեր «մատուշկան»` դաշնակից Ռուսաստանը, դեռ սիրում այդ կապիտուլյանտին:

Որոշ փորձագետների կարծիքով` «մեր մայրը» փորձում է հասնել նրան, որ Ալիևը համաձայնի Արցախին, այսպես ասած, ռուսական մանդատ հանձնել, այն է` Ռուսաստանը` յուր խաղաղապահներով, իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի տարածքում, սակայն դե-ֆակտո ինքն է լուծում Արցախի բոլոր հարցերը (իրավական ձևակերպումները կգտնվեն):

Ասել է` Ռուսաստանը փորձում է լուծել Արցախի կարգավիճակի հարցը` յուրովսանն, առաջ ընկնել ԵԱՀԿ համանախագահ երկրներ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, որոնք ցանկանում են Արցախի  կարգավիճակի հարցում իրենց քայլն անել` Ադրբեջանին իրենց դաշտ բերելով, ռուսական խաղաղապահներին Արցախից «գոու հոմ» անելով:

Կհամաձայնի՞ կիրթ Ալիևը Ռուսաստանի հետ (ասում են` Հայաստանի երկու նախագահներին չընդունած Արայիկ Հարությունյանը արդեն իսկ այդ խնդրով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ). դեռ կտեսնենք:

Սակայն նաև հասկանալի է`կիրթը այլ լիդերի  «ներկայությամբ» (էլ չենք ասում` Քոչարյանի), քան է` իրենց «նոլդու» Փաշինյանը, չի համաձայնի նման բանի: Ռուսաստանն ինքն էլ, ասինք, չի  ցանկա մխտռել իր նոր լիդերին, ով էլ նա լինի:

Հաջորդիվ. տարածաշրջանային բլից-կրիգի դեպքում հնարավոր է և էքստեռն անհրաժեշտություն առաջանալ` Հայաստանը Ռուսասանի բարեհաճությանը, միութենական պետությանը (Գեղամյան-Բաբուխանյան զույգը հենց այնպես չի «անհանգստություններ» ապրում) «հանձնելու» մեջ…

Իսկ այդ դեպքում Նիկոլ Փ-ն ուղղակի անփոխարինելի է. քանզի «հանձնելը» նրա արյան մեջ է, նրա գենում. նա դրա գերագույն  մագիստրն է, գերագույն նոլդուն, «գերագույն հրամանատարը»:

Կարմեն Դավթյան