ԱՄՆ-ը Թուրքիայի օգնությամբ հարձակում է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ Սևծովյան տարածաշրջանում

Այսպիսով, փետրվարի 15-ին ամերիկյան «Washington Examiner» ամսագիրը հաստատել է այն, ինչ արդեն մի քանի տարի գրում են շատ վերլուծաբաններ և հետազոտողներ. ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը (EUCOM) նշել է իր գործունեության նոր ուղղությունը, այն է՝ ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական գործընկերության ամրապնդում Սևծովյան տարածաշրջանում այն կեղծ պատրվակով, թե իբր Ռուսաստանը Ղրիմում զգալի ծովային և օդային ուժեր է կուտակում, ինչը նշանակում է սպառնալիք ՆԱՏՕ-ի համար: Այս տարվա գարնանը Սև ծովում նախատեսվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի լայնամասշտաբ համատեղ զորավարժություններ, քան նախկինում, որոնցում ներգրավված կլինեն մինչև 30 հազար զինծառայողներ: «Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Ղրիմում ռազմական ներկայության աճով»,- ասվում է այս շովինիստական ​​հոդվածում: Ռումինիան ձգտում է ուժեղացնել ամերիկյան ներկայությունը՝ 10 միլիարդ դոլար ծախսելով ռազմական ենթակառուցվածքների վրա, ներառյալ երկաթուղիներ, մայրուղիներ, թռիչք-վայրէջքային ուղի և ռազմաբազաների արդիականացում: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևում Միացյալ Նահանգների ռազմավարական ճկունության ապահովմանը»:

Նշենք, որ «Washington Examiner» ամսագիրը, չգիտես ինչու, ավելի շատ խոսում է «Ռումինիայի վախերի» մասին, չնայած ամբողջ աշխարհը տեսնում է, որ Սևծովյան և Միջերկրածովյան ավազանների հիմնական սպառնալիքը գալիս է ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամից՝ Թուրքիայից: Նշվում է, որ վերջերս կայացած հարցազրույցում Ռումինիայի դեսպան Գեորգե Մայորը, շեշտելով «սպառնալիքի հրատապությունը»՝ ասել է. «Ներկայում Ղրիմը լրջորեն ռազմականացվում է»: Այդ կապակցությամբ, փետրվարի 4-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին հանձնարարել է կատարել գլոբալ վերլուծություն Սևծովյան տարածաշրջանում ուժերի վիճակի վերաբերյալ՝ համոզվելու համար, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը համապատասխանում է ազգային անվտանգության բոլոր պահանջներին:

Ռումինիայի դեսպանը պնդում է, որ Սևծովյան ավազանը, որտեղ առափնյա գիծ ունեն ՆԱՏՕ-ի երեք դաշնակիցներ (Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան), հանդիսանում է նոր, կենսական նշանակության ճակատ՝ ​​«Ռուսաստանին զսպելու համար»: Նա նախազգուշացրել է. «Ռուսաստանը նոր հրթիռներ է տեղակայել, արդիականացրել է իր Սևծովյան նավատորմը: Սևծովյան տարածքում անհրաժեշտ կլինի ավելի ուժեղ ամերիկյան ներկայություն: Մենք միշտ ասել ենք, որ ուրախ կլինենք ավելի շատ ամերիկյան զորքեր հյուրընկալել: Մենք հավատում ենք, որ սա տեղավորվում է Ռուսաստանի զսպման և ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողություններն ամրապնդելու ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ, ինչպես նաև պաշտպանում է Միացյալ Նահանգների և Ռումինիայի շահերը»: Մայորը նաև հայտարարել է, որ Ռումինիան պատրաստ է իր վրա վերցնել ծախսերի զգալի մասը, որպեսզի իրեն դիրքավորի որպես տարածաշրջանում Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցներից մեկը...

Ի պատասխան, EUCOM-ը վերահաստատել է, որ Սևծովյան տարածաշրջանում պաշտպանական գործընկերության ամրապնդումը իր գործունեության նոր ուղղությունն է: «Այժմ, երբ մենք գիտենք, որ ռուսները Ղրիմում զգալի ռազմածովային և օդային ուժեր են կուտակում, հրահանգներն ու նախազգուշացումները շատ կարևոր են: Խոսելով պատերազմի եվրոպական թատրոնում հավաքական պաշտպանության մասին, մենք պետք է կանխատեսենք, թե որտեղ կարող է տեղի ունենալ հաջորդ Ղրիմը», – հայտնել է EUCOM-ի պաշտոնական ներկայացուցիչը: Ինչպես շեշտվում է հոդվածում, Ռուսաստանը «ուրախ չէ Սև ծովում ԱՄՆ ռազմական ուժեղ ներկայության համար», սակայն EUCOM-ը վստահ է, որ հետագայում զորավարժությունները միայն ավելի հաճախակի կլինեն: «Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ զորքերի տեղակայումը կարող է խաթարել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և մեծացնել լարվածությունը Ռուսաստանի հետ: Որոշ տարածքներում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, օրինակ՝ Ռումինիայում «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքերի նոր բազան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կտրամադրի գործառնական տեղեկատվություն Ռուսաստանի գործունեության վերաբերյալ»,- բացատրում է «Washington Examiner»-ը:

«Washington Examiner»-ը հիշեցնում է, որ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին Պենտագոնը համագործակցության պայմանագրեր էր կնքել Ռումինիայի և Բուլղարիայի հետ՝ նախանշելով պաշտպանական համագործակցության տասնամյա քարտեզը: Այն նախատեսված է մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու և երկու երկրների կարողությունները ուժեղացնելու համար: Ռումինիայում ԱՄՆ ռազմական ներկայությունն ունի 800 զինծառայող՝ «Միխայիլա Կոգէլնիչանու» ավիաբազայում Սևծովյան Կոնստանցա նավահանգստի մերձակայքում, Դեվեսելուում գտնվող «Իդժիս» («Էգիդա») հրթիռային պաշտպանության (ABM) օբյեկտում և ՆԱՏՕ-ի բազմազգ դիվիզիայի շրջանակներում՝ հարավ-արևելքում: Ամերիկացիների ներկայությունը մի փոքր ավելի քիչ է Բուլղարիայում՝ «Նովո Սելո» ուսումնական հրաձգարանում, «Կոմս Իգնատյև» և «Բեզմեր» ավիաբազաներում: Անցած տարի Ռումինիան առաջինը Սևծովյան տարածաշրջանում տեղադրել է «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) երկու համակարգ և պատրաստվում է ընդունել ևս հինգը մինչև 2025 թվականը: Ռումինիան նաև գնում է ամերիկյան չորրորդ սերնդի F-16 կործանիչներ, նշում է ամերիկյան պարբերականը: «Մոնտրյոյի կոնվենցիան թույլ է տալիս ԱՄՆ-ին իրականացնել մինչև երկու շաբաթ տևողությամբ զորավարժություններ տարեկան ինը անգամ՝ ընդհանուր առմամբ մինչև 100 օր»,- եզրափակում է ամսագիրը:

Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ ամերիկացիները կանխամտածված կենտրոնացնում են աշխարհի ուշադրությունը Ռումինիայի «գանգատների» վրա, չնայած իրականում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստվում են աջակցել հենց Թուրքիային՝ հենց Սևծովյան ավազանում պատերազմի սպառնալիքի սրման հարցում։ Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել. հունվարի վերջին Սև ծով են մտել ամերիկյան երկու հրթիռային ականակիրներ` «USS Donald Cook»-ը և «USS Porter»-ը: Փետրվարի 10-ին նրանք լքել են ծովը: «USS Porter»-ը այնտեղ էր 12 օր, իսկ նրա «եղբայրը»`17 օր: Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության, նույն օրը (դժվար թե պատահական լիներ) Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երկու Tu-22M3 հեռահար ռմբակոծիչները թռել են Սև ծովի չեզոք ջրերի վրայով: Փետրվարի 9-ին այս երկու ամերիկյան ականակիրները թուրքական նավերի հետ մասնակցել են Թուրքիայի «Էրեգլի» ռազմածովային բազայի տարածքում համատեղ զորավարժությունների: Ռուսաստանը քննադատել է տարածաշրջանում ԱՄՆ նավատորմի առկայությունը՝ դա անվանելով «սրի ճոճում» («бряцанием оружием»): «Ամերիկացիները պետք է իրենց գործով զբաղվեն` Միացյալ Նահանգների ջրերում, Սև ծովի շրջանի խաղաղությունն ու անվտանգությունը ուրիշի միջամտության կարիքը չունեն»,- այդ ժամանակ նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը: Ըստ Ռուսաստանի դեսպանության կարծիքի՝ ԱՄՆ ՌԾՈՒ վեցերորդ նավատորմը «անհամբեր է թշնամի գտնելու հարցում», իսկ Վաշինգտոնը «հուսահատորեն արդարացումներ է փնտրում տարածաշրջանում իր ներկայությունն ավելացնելու համար»: Միևնույն ժամանակ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտարարել է, թե «Անկարան և Վաշինգտոնը՝ որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ, կիսում են հավատարմությունը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գործում»: Այնպես որ, հիմար մարդիկ, որոնք կան Ռուսաստանի բարձրագույն ղեկավար կազմի և գեներալների մեջ. ԱՄՆ-ը մտադիր է ձեզ պատերազմի մեջ ներքաշել Թուրքիայի միջոցով, շարունակեք նահանջել… ըստ երևույթին, մինչև Մոսկվա: Ձեզ կրկին հարկավո՞ր են «քաղհրահանգիչ Կլոչկովներ», որ ասեն. «Նահանջելու տեղ չկա. հետևում Մոսկվան է»։ Ի՞նչ է, վերջին 80 տարիներին Ռուսաստանի պաշտոնյաները և քաղաքացիները ոչինչ չե՞ն սովորել: Դե ինչ, պատրաստվեք, կունենաք և փորձություն, և տառապանք, և ցավի օվկիանոս: Հենց այդ պատճառով է ԱՄՆ-ը ընտրել Թուրքիային՝ Ռուսաստանի բոլոր հարավային սահմանների երկայնքով «հարձակման» համար…

Սերգեյ Շաքարյանց