Ճանապարհների ապաշրջափակման միֆը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը

Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Հայաստանի տնտեսությունն անմասն չի մնացել համաշխարհային ճգնաժամից, սակայն եթե համաշխարհային տնտեսության անկումը գնահատվում է 4,3 տոկոս, ապա Հայաստանի համախառն ներքին արդյունքն անկում է գրանցել մոտ 8,5 տոկոս, այսինքն՝ համաշխարհային միջինից երկու անգամ ավելի խոր ճգնաժամ է գրանցվել Հայաստանում։ Ի դեպ Արցախյան պատերազմի ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա գործող իշխանությունները գնահատում են ընդամենը՝ -0,7 տոկոս։

2020 թվականի ընթացքում անկում են գրանցել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, մասնավորապես՝ արդյունաբերությունը՝ -0,9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ -14 տոկոս, շինարարությունը՝ -9,5 տոկոս, ծառայության ոլորտը՝ -14,7 տոկոս, արտահանման ոլորտ՝ -3,9 տոկոս և ներմուծման ոլորտ՝ -17,7 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսության ոլորտը գրանցել է +1,4 տոկոս աճ։ Նման վատ ցուցանիշներ չենք ունեցել վերջին տասը տարիների ընթացքում։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տնտեսական նման անկումը պետության զարգացման հարցում։ Մասնագետը նշեց, որ մեր երկիրը արդեն նաև տնտեսական կոլապսի մեջ է հայտնվել՝ բոլոր տխուր հետևանքներով և որ այսօրվա իշխանությունները ոչ միայն ի զորու չեն երկիրը դուրս բերելու այս վիճակից, այլև ավելի ու ավելի են խորացնելու կոլապսը՝ ընդհուպ մինչև մեզ հնարավոր կործանման տանելը։

Իշխանությունները որպեսզի հանրությունից թաքցնեն ստեղծված վիճակը, առասպելական խոստումներով ու հեռանկարներ ներկայացնելով՝ փաթեթավորում են ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման գործընթացը՝ նշելով, թե իբրև այդպիսով Հայաստանի համար փրկօղակ է ստեղծվելու և միլիարդավոր ներդրումներ են գալու մեր երկիր։ Մինչդեռ տնտեսագետը վստահ է, որ Հայաստանն այդ ծրագրից տնտեսապես ոչ թե կշահի, այլ իր վերջին տնտեսական հնարավորությունները կզոհաբերի մեր թշնամուն։

Մանրամասները՝ տեսանյութում