Փետրվարի 15-ին նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին

Փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։

Սկսած առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև Երևանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։

Մի քանի նկատառում՝ ուղևորներին.

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»։