Իրանական նոր արագընթաց ռազմական նավակները կտեղակայվեն նաև Կասպից ծովում

Դավաճանների ուժը և նրանց «կառավարման» ողբալի արդյունքը, հատկապես մեր գրեթե ոչնչացված Արցախի Հանրապետության հետ կապված, ստիպում են բոլոր այն մարդկանց, ովքեր չեն կորցրել խելամտությունը, ավելի ուշադիր նայել Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությանը: Անխտիր բոլորը պետք է հասկանան, որ այս երկու տերությունները «միասին աշխատում են» ոչ միայն Սիրիայում և Իրաքում. այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Արցախում, մեր կարծիքով, նաև Թեհրանի և Մոսկվայի «համատեղ աշխատանքի» արդյունքներից է: Ինչո՞ւ. ի տարբերություն 2016-ի և նույնիսկ 2020-ի հուլիսի, սեպտեմբերին ոչ ռուսները, ոչ էլ իրանցիները կտրուկ և կոշտ չեն արտահայտվել թուրքական ագրեսիայի դեմ: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. ո՞րն է այդ «ազուբիզյանը»: Պատերազմը (Արևմուտքի և Իսրայելի լուռ աջակցությամբ) վարում էր Թուրքիան: Բայց այս անգամ լռում էին նաև Թեհրանն ու Մոսկվան…

Փետրվարի 7-ին Իրանի Մաժլեսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, և սա նրա առաջին արտասահմանյան այցն է, որը խոսում է առկա պահի առանձնահատուկ կարևորության մասին՝ կառավարության բոլոր ճյուղերի օրակարգում, և Թեհրանում և Մոսկվայում: Արդեն հայտնի է, որ սա պարզապես մեկ (իրանցի) խոսնակի մեկ այլ (ռուս) խոսնակին այցելելու և հանդիպման «պարտականություն» չէ, չնայած Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնապես հրավիրել է պարոն Քալիբաֆին: Այցը կտևի երեք օր, և այս հանգամանքը վկայում է նաև այն մասին, որ Քալիբաֆը և Վոլոդինը հավաքվել են Մոսկվայում խոսելու ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության մասին:

Նախ՝ փետրվարի 8-ին Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլահ  Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ուղերձը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այաթոլահ Խամենեիի կողմից կա նաև Ռուսաստանի կառավարությանը ուղղված մի ուղերձ… Համոզված ենք, որ նույնիսկ այս փաստերն են բավարար, որպեսզի հասկանանք, որ Իրանի ծայրահեղ պահպանողականներից մեկը, որը Թեհրանի նախկին քաղաքապետն էր, չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում Մոսկվայում: Երկրորդ. Վոլոդինի հետ հանդիպումից բացի, Քալիբաֆը բանակցություններ կվարի նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Տեղեկություն կա, որ նա հանդիպելու և բանակցություններ է վարելու Ռուսաստանի անվտանգության և մյուս «ուժային» պաշտոնյաների հետ: «Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ ռազմավարական մոտեցման վրա, և, համապատասխանաբար, երկու երկրների խորհրդարանները բանակցելու և համագործակցելու են երկկողմ կապերի հիմքերը խորացնելու համար»,- ասաց Գալիբաֆը Ռուսաստան ժամանելուց առաջ: Իրանցի օրենսդիրը շարունակեց բարձրաձայնել Իրանի և Ռուսաստանի դեմ արևմտյան խիստ պատժամիջոցների հարցը՝ ասելով, որ Թեհրանն ու Մոսկվան համագործակցում են տարբեր տնտեսական ոլորտներում՝ այդ սահմանափակող միջոցների ազդեցությունը նվազեցնելու համար: Դե, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը «ցեմենտապատեց» վերը նշվածը. «Պարոն Քալիբաֆի առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան վկայում է Ռուսաստանի Դաշնության բարձր դիրքի մասին արտաքին հարաբերություններում և իրանական քաղաքականությունում: Այս հարաբերությունները ենթակա չեն որևէ արտաքին գործոնի ճնշման և գտնվում են ռազմավարական զարգացման ուղու վրա՝ համապատասխան հարևանության կարիքներին, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», – հաղորդում է Mehr News-ը:

Դե իսկ Իրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ջագարյանը փետրվարի 8-ին ասաց. «Հաջորդ բազմակողմանի ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում՝ 2021 թվականի փետրվարի կեսերին: Դրանց ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլոց, համագործակցություն մշակել որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու և նավագնացության անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացման ուղղությամբ»,- ասաց նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Հիշեցնենք՝ «Ծովային անվտանգության գոտի» անվան տակ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային առաջին զորավարժություններն անցկացվել են 2019-ի վերջին, որի արդյունքում իրանցի զինվորականները համոզմունք հայտնեցին, որ զորավարժությունները տեղի կունենան պարբերաբար՝ կանոնավոր կերպով: Իրանի պաշտպանության նախարարությունում զորավարժությունները կրկին անցկացնելու հնարավորությունը նախկինում պայմանավորված էր «Covid -19» համավարակային իրավիճակով: Բայց վերջապես, երեք եվրասիական տերությունները որոշում կայացրին:

Իրանը նույնիսկ առանց Ռուսաստանի և Չինաստանի, շարունակում է պատրաստվել տարածաշրջանում իրադարձությունների արտակարգ և կտրուկ զարգացմանը: Համոզված ենք. պատահական չէ, որ հենց այն օրը, երբ Քալիբաֆը սկսեց հանդիպումներ և բանակցություններ անցկացնել Մոսկվայում, Իրանի հարավում գտնվող Բենդեր-է-Աբաս նավահանգստում ԻՀՊԿ նավատորմը ընդունեց 340 նոր արագընթաց նավեր (ռազմական նավակներ՝ կատերներ), որոնք ունակ են գործարկել տարբեր հրթիռներ և աջակցում են ջրասուզական գործողությունների անցկացմանը, հայտնում է Fars News-ը: Արարողությանը ներկա էին Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին, Հորմոզգան նահանգի նահանգապետ Ֆարեյդուն Հեմաթին և այլն: ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կենտրոններում և Իրանի պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ պատրաստված արագընթաց ռազմական նավակները պատրաստ կլինեն Պարսից ծոցում, Արաբական և Կասպից  ծովերում մարտական ​​առաքելությունների և օժանդակ գործողությունների կատարման: Այս լուրի կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարեցին Սիրիկ քաղաքում (Հորմոզգանի նահանգ) Հորմուզի նեղուցում նոր հենակետի բացման մասին: Նշվեց, որ այս ռազմական օբյեկտը Իրանին թույլ է տալիս ավելի լավ վերահսկել Պարսից ծոցի շրջանը, որտեղից կարող են հարձակողական և պաշտպանական գործողություններ իրականացնել այս տարածաշրջանում՝ ԱՄՆ ուժերի դեմ, ինչպես նաև նեղուցներն ավելի արագ փակել ռազմական սրացման դեպքում: Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի ռազմավարական զարկերակն է, որի միջով օրական անցնում է համաշխարհային շուկաների ամբողջ նավթի 25%-ը: Նեղուցով անցնող նավթի հիմնական ստացողներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ռազմական փորձագետները նշում են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի դեմ Իրանի «պատերազմի հայեցակարգը» հիմնված է Պարսից ծոցի գոտում մի քանի պաշտպանական շրջանակների ստեղծման վրա, որոնք նախատեսված են «բազմամակարդակ հարձակումներ իրականացնել տասնյակ արագընթաց նավակների միջոցով, որոնք հագեցած են հրթիռներով և տորպեդոներով, ինչպես նաև ծովային ականների տեղադրմամբ, տասնյակ փոքր սուզանավեր օգտագործելով», ինչպես նաև առափնյա հականավային զենքի և գրոհային անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ: Վերջում մենք կցանկանայինք ընդգծել. և այսպես, Իրանը պատրաստվում է ռազմական առճակատման նաև Կասպից ծովում: Ինչպես հասկանում ենք, հաստատ ոչ Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի հետ…

Սերգեյ Շաքարյանց