Ես կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին. անհետ կորած զինծառայողի մայր

Էջմիածնի զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն այսօր կրկին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ են:  Panorama.am տեղեկացմամբ, նրանք ցանկանում են հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և նրան անձամբ հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:
Ծնողները չցանկացան նամակը թողնել նամակների համար հատկացված արկղում, այլ ուզում էին հանձնել հենց դեսպանին:

«Եթե մեր այս նամակն այստեղ էլ չեն վերցնում, ու որպեսզի այս իմ նամակն ինչ-որ մի տեղ հասանելի լինի, ուզում եմ դիմեմ նրանց, ովքեր հիմա ուզում են իշխանության գալ։ Եթե կուզենան, ես շատ սիրով այս նամակը հենց Ռոբերտ Քոչարյանին էլ կուղղեմ: Ես սիրով կուղղեմ այս իմ նամակը Ռոբերտ Քոչարյանին, որ մեր 40 երեխեքին ինքը բերի: Կուզե՞ք, այ ժողովուրդ: Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք: Մենք էլ ռուսից ոչ մի բան չենք ուզում: Մենք հայտարարում ենք, որ մեր այս նամակը տանում ենք, փոխանցենք Քոչարյանին:

Ես ծնող եմ, կգնամ, բոլորին էլ կդիմեմ: Հետո չբռնեք, ասեք՝ քաղաքականացնում եք: Ոչ: Մնացել է Քոչարյանին տանք: Կգնանք Քոչարյանի գրասենյակ՝ խնդրանքով, ուղղակի խնդրանքով: Թքեմ այս պետության վրա»,- ասաց  անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝  Անահիտ Ադոյանը:

Դեսպանատան դիմաց հավաքված անհետ կորած մյուս զինվորների հարազատները ևս համաձայնեցին այս առաջարկին:  Հարազատներից մեկն ասաց. «Եթե Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ կարող է այս հարցին լուծում տալ, բնականաբար, պետք է դիմենք այդ մարդուն»:

Որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո տիկին Անահիտ ծրարը պատռեց ու նետեց դեսապանատան նամակների արղկի մեջ:

«Գնում եմ Քոչարյանին դիմեմ, գնում եմ Քոչարյանի գրասենյակ, ով ուզում է, թող իմ հետ մասնակից լինի, չէ, ես գնում եմ: Արդեն հերիք է, զզվել ենք այս պետությունից: Ունե՞նք պետություն: Չունենք: Քանի՞ օր է, 112 օր է»,- ասաց տիկին Անահիտը:

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրն ասաց, որ ամեն տեղ գնացել են,  համապատասխան բոլոր պետական մարմիններին դիմել են, ոչ մեկ իրենց երեխաների հարցով չի զբաղվում»:

«Մեր միակ պահանջն է՝ մեր երեխաներին բերեն: 5 ամիս է՝ երեխաներից լուր չունենք: Անգրագետ ոչխարները տարան, երեխաներին տվեցին թուրքերին, թողեցին, փախան, եկան: Ինչքան անգրագետ կա, պաշտոնի է, վերընկած են իրենց աշխատասենյակներում, դուրս չեն գալիս, ծնողներին չեն պատասխանում:

Ի՞նչ պետք է լինի այդ երեխաների վիճակը: Երեք անչափահաս երեխա կա տանը: Մինչև գիշերվա երեքը չեն քնում, ասում են՝ պապի, պապան գա տուն, հաց ուտի, նոր քննեք: Ես ինչ ասեմ այդ երեխաներին»,- ասաց անհետ կորած մեկ այլ զինծառայողի հայրը: