Մանրամասներ «Mənim Addımım» (Իմ քայլը) խմբակցության նիստից. Մարինե Սուքիասյան

Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամների և նրանց անփոխարինելի առաջնորդ նիկոլ փաշինյանի հանդիպումն անցել է բավական թեժ մթնոլորտում, որտեղ մտքերի շահագրգիռ և նույնիսկ գրգռված փոխանակում է եղել:

Մասնավորապես, ներկաները բուռն և երկարատև ծափերով ողջունել են Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենք արտահերթ ընտրության գնալու չունեն, քանի որ բարդ իրավիճակից դուրս են եկել նվազագույն կորուստներով՝ «պատերյա» տալով ընդամենը 4-5 պատգամավորի:

Քննարկումները սկսվել են առաջնորդին Վահագն Հովակիմյանի հարցով, թե այնուհանդերձ, ո՞րն է արտահերթ և հերթական ընտրությունների տարբերությունը: Պատասխանը լսելուց հետո խոշոր սահմանագրագետ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները անօրինական են, քանի որ Ընտրական օրենսգրքում ոչինչ գրված չէ «Շուշիի և հինգ հազար զոհերի մասին»։

Լսելով Շուշի անունը՝ տեղից վեր է թռել Անուշ Բեղլոյանը, բղավելով, թե ոչ թե Շուշի, այլ Շուշա: «Շուշա, Շուշա, Շուշա, և ընդհանրապես դադարեցրեք ազգայնական գավառականությունը»,- բղավել է նա։

Այստեղ խոսք է խնդրել նիկոլ փաշինյանն ու ասել, որ կարևոր տեղեկություններ ունի հայտնելու: «Հպարտ և դուխով իմքայլականներ: Հաջակցություն մեզ, Ադրբեջանի Միլի մեջլիսում, ստեղծվելու է քույր խմբակցություն՝ «Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ): Բեղլոյան Անուշը կհաստատի, որ թարգմանաբար դա նշանակում է իմ քայլը:
և եկեք այսօր պայմանավորվենք մի բան, ինչ էլ որ լինի ընտրություններում, մենք մեզ երբեք ՊԱՐՏՎԱԾ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԻ, Ինչ էլ որ լի՛նի։ Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջանակ և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»,- եզրափակել է փաշինյանը։ Լուլուն այդ պահին հեկեկացել է, բայց փաշինյանը շարունակել է խոսել։ «Եվ նախագահ Ալիևի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել մեզ համար շատ կարևոր մի համաձայնություն՝ Ադրբեջանը վստահեցրել է, որ մենք այսուհետ կարող ենք մասնակցել Միլի մեջլիսի ընտրություններին: Այնպես որ, մի մտահոգվեք, որ այլևս Հայաստանում պատգամավոր չեք լինի»:

Լենա Նազարյանն անմիջապես առաջարկել է խմբակցության անվանումը փոխել և այսուհետ օգտագործել ավելի հնչեղ « Mənim Addımım» (Մանիմ ադըմըմ) անվանումը:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հայտարարությունից հետո շատերի աչքերում արցունքներ է հայտնվել: Վահագն Հովակիմյանն ամեն ինչ արել է, որ իր աչքերում ևս արցունքներ հայտնվեն, բայց չի ստացվել, քանի որ այդպես էլ չի ընկալել, թե ինչ է ասում նիկոլը:

Երբ նիկոլը Օմեգային առաջարկել է կարծիք հայտնել, նա ասել է, թե տեխնիկական խնդիրների պատճառով պիտի լռի, քանի որ տելեգրաֆով դեռ Բոսֆորի ափերից հրահանգներ չի ստացել: Կապը խաթարված է, յոլդաշ Մ. Մինասյանը առգրավել է շարժական ռադիոկայանը։

Նրան առարկել է Մակունցը, կրկին պնդելով, թե Թուրքիան չի միջամտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը կամ չանցկացմանը: «Թուրքիան չի միջամտելու, այնպես, ինչպես չմիջամտեց այս պատերազմին, այս 44-օրյա պատերազմին, որից մենք դուրս եկանք ընդամենը 4-5 պատգամավոր կորցնելով»:
«Ի դեպ, այն ժամանակ երբ ես ասում էի, որ Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական պատերազմին, Թուրքիա ասելով՝ նկատի ունեի Արարատ Միրզոյանին»,- մանրամասնել է Մակունցը։

Այս ելույթից հետո ձայն է խնդրել իմքայլական, ավելի ճիշտ մանիմադըմըմական Արթուր Մանուկյանը և… երգել «Ախ յարո ջան, ես պուճուր եմ, ես պուճուր եմ, առվի ջուր եմ: Իմ յարը խորոդիգ է, իմ յարը կոլոտիգ է»:
Երգը ընդհատվել է բուռն երկարատև ծափահարություններով: Հնչել է առաջարկություն հաջորդ նիստն անել Զանգելանում։

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ