Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայ Ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը»,– գրել է Մուսինյանը: