Նավալնու պատճառով ԱՄՆ Կոնգրես հակառուսական պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել

Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը:

Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնությանը չարամիտ գործունեության համար պատասխանատվության ենթարկելու մասին 2021 թվականի օրենքի նախագիծ»: Այն ներկայացրել են սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Կունսը, Բեն Կարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլլենը և Ռիչարդ Դուրբինը:

«Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային իրավունքի բացահայտ խախտումների մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել, թե Ռուսաստանը օգտագործե՞լ է քիմիական և կենսաբանական զենք:

Բացի դրանից, պատժամիջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա: Փաստաթղթի հեղինակները Գերմանիային կոչ են անում հրաժարվել նախագծին աջակցելուց:

Ավելի վաղ Գերմանիայում չէին բացառել նոր պատժամիջոցների կիրառումը՝ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված: