Ի՞նչ են անում ՀՀ-ում հեռացված պտղի և ընկերքի հետ, եթե օգտագործում են հետազոտության նպատակով, ինչպե՞ս չեն օգտագործում…

Ամբողջ աշխարհում հղիության արհեստական ընդհատման (աբորտի) հետևանքով հեռացված պտուղը և ծննդաբերության արդյունքում «ստացված» ընկերքը (плацента) կիրառվում են մի շարք նպատակներով։ Մասնագետներին հայտնի, բայց լայն հասարակայնությանն անհայտ այս տեղեկատվությունը, որն օրերս «ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՔԻ և ՀԵՌԱՑՎԱԾ ՊՏՂԻ ՀԵՏ» վերտառության ներքո հրապարակել է  «Ազգային Վերահսկողության Համակարգ»-ը, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ավելին. նաև` անհանգստության ու բողոքի, երբ վերոնշյալ հրապարակման հետագա շարադրանքից տեղեկանում ենք, թե որոնք են այդ նպատակները.

«Դրանցից առաջինը բոլորիս համար հետաքրքրություն ներկայացնող ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ստացումն է։ Այդ, այսպես կոչված «բժշկական թափոնը»‰ (անունն իսկ հակաբարոյական ու հակաէսթետիկ է) կիրառվում է նաև կոսմետոլոգիայի մեջ, ցողունային բջիջներ ստանալու և այլ նպատակներով։ Սա անշուշտ շատ շահութաբեր «բիզնես է»։

Կից փաստաթղթով ներկայացնում ենք թե ինչպես են վարվում «թանկարժեք»‰ «բժշկական թափոնի» հետ Հայաստանում»։

Կից փաստաթղթին` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի պատասխանին ծանոթանալուց հետո, առկա հարցերը, կասկածները ոչ թե նվազում, այլ ավելանում են, քանի որ գլխավոր քարտուղարի տվյալ պաշտոնական պատասխանում հակասականությունն ակնհայտ է: Ահավասիկ. 4-րդ հարցի պատասխանում նշված է, որ «Հեռացված պտուղը և ընկերքը չեն օգտագործվում հետազոտական կամ բուժական նպատակներով», մինչդեռ 3-րդ հարցին տրված է վերոնշյալ պատասխանին հակասող հետևյալ պատասխանը.

«Հեռացված պտուղը և ընկերքը պաթոմորֆոլոգիական հետազոտության նպատակով ուղարկվում են երկու կենտրոն` Պերինատալ ախտաբանության լաբորատորիա («Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ) և Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն («Արաբկիր» բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ)» (ընդգծումները` մերը):

Նաև նկատենք, որ պատվաստանյութերի ստացումը չի կարող համարվել պտղի և ընկերքի հետազոտական կամ բուժական նպատակներով օգտագործում, եթե արդեն հայտնի է, թե ինչ և ինչպես պետք է անել:

«Ազգային Վերահսկողության Համակարգ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր  արդեն, որ  «Որոշ պատվաստանյութեր կարող են պարունակել մարդկային, կենդանական, բակտերիային և այլ ծագման մնացորդային ԴՆԹ»: Ընդ որում, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն էր հաստատել, որ Որոշ պատվաստանյութեր կարող են պարունակել մարդկային, կենդանական, բակտերիային կամ այլ ծագման մնացորդային ԴՆԹ…»:

 

Արթուր Հովհաննիսյան