Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Էստոնացի Եվրախորհրդարանի պատգամավոր Յակ Մադիսոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ վերջին 30 տարում նա ԱՄՆ առաջին նախագահն է, որի նախագահության օրոք իր գլխավորած երկիրը պատերազմներ չի սկսել:

«Բացի դրանից, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արևելքում կնքվեցին մի շարք խաղաղության պայմանագրեր, որոնք օգնեցին տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել: Մենք կտեսնենք, թե ով կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ»,- երկուշաբթի գրել է Մադիսոնը «Ֆեյսբուքում»:

Նա նշել է, որ ինքը միակը չէ, որ առաջադրել է Թրամփին Նոբելյան մրցանակի: «Բայց, ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ, այնքան մեծ են հաջողության հասնելու հնարավորությունները», – ասել է Մադիսոնը:

Խաղաղության Նոբելյան մրցանակը ամեն տարի շնորհվում է Օսլոյում՝ սկսած 1901 թվականից: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն, թեկնածուները կարող են առաջադրվել տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամների, միջազգային դատարանների անդամների, համալսարանների ռեկտորների, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա և նախկին անդամների և խորհրդականների կողմից: