Նոր վարչապետը պետք է լինի ճիշտ բաներ ասող, ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի. Ռադիկ Մարտիրոսյան

Մեր գիտաշխատողն այսօր ստանում է աշխատավարձ մեր երկրի միջին աշխատավարձի կեսի չափով: Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջինի կրկնապատիկը, Չինաստանում հասնում է 5-10 անգամի, այսինքն` գիտնականները ստանում են տվյալ երկրի 5-10 անգամ ավելի միջին աշխատավարձից: 1991 թվականից՝ անկախությունից հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մեր գիտությունը չի ֆինանսավորվել. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ գիտնականներն ասել են իրենց կարծիքը և իրենց գործին են:

Նա հաստատեց, որ ԳԱԱ-ն ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին իր հայտարարությունը:

Հարցին, թե վարչապետի հրաժարականի պահանջին ինչո՞ւ հանրության լայն զանգվածներ չմիացան, Մարտիրոսյանն ասաց. «Իրողությունների չափանիշը չի որոշվում փողոցում եղած մարդկանց թվով, ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, որ փողոցում չեն, այլ նստած են տանը կամ աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչ առաջ, չեմ կարծում, որ փողոց դուրս գալը հիմնական պայման է»,- ապա շեշտեց, որ նոր վարչապետը պետք համապատասխանի մեր անցյալին և այն խնդիրներին, որոնք դրել ենք մեր առաջ ապագայի համար:

«Պետք է լինի այնպիսի իշխանություն, որ համապատասխանի անցյալին և այն խնդիրներին, որոնք մենք դրել ենք մեր առաջ՝ առաջիկա տարիների զարգացման համար: Նոր սերնդի պատմության զարգացման համար պահանջվում են խելոք, ճիշտ կազմակերպող, լսող, ճշգրիտ բաներ ասող մարդիկ, ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»,- նկատեց գիտնականը:ԳԱԱ նախագահը հայտնեց, որ «Սկոպիուս» միջազգային վիճակագրական ընկերությունը դիտարկել է 8800 գիտական կազմակերպություն ամբողջ աշխարհում և նրանց դասակարգել ըստ իրենց նվաճումների:

Նրա խոսքով՝ այդ ցուցակում Հայաստանից կա 14 գիտական կազմակերպություն, որից 12-ը ԳԱԱ ինստիտուտներն են, մյուս երկուսը՝ Ֆիզիկայի ինստիտուտն ու Սեյսմիկ ազգային կենտրոնն է, իսկ Վրաստանը և ադրբեջանցիներն այդ ցուցակում ունեն մեկական կազմակերպություն:

Ռադիկ Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ ԳԱԱ-ն շուտով կանի հայտարարություն Շուշիում և Արցախի ամբողջ տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերաբերյալ: