Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները լռում այն մասին, որ Բաքուն վերադարձնում է միայն այն ռազմագերիներին, ովքեր ՀՀ քաղաքացի են

Երեկ հինգ հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան։ ՀՀ իշխանությունները հայտնեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ու կառավարության ջանքերով։

Նախ՝ ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, չափազանցնում են Հայաստանի, մասնավորապես՝ կառավարության դերը ռազմագերիների վերադարձի հարցում:  Հայտնի է, որ այս հարցում հիմնական դերը պատկանում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։

Երկրորդ՝ իհարկե, անգամ մեկ հայ ռազմագերու վերադարձը շատ կարևոր է, սակայն, երբ խոսում ենք հինգ ռազմագերիների վերադարձի մասին, պետք է չմոռանանք մոտ երկու հարյուր այլ ռազմագերիների մասին:  Ինչո՞ւ է Բաքուն հետաձգում հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Միգուցե՞ Ալիևը նախատեսում է այս հարցը որպես քաղաքական խաղաքարտ օգտագործել՝ արտահերթ ընտրություններում Փաշինյանին աջակցելու համար։ Օրինակ, նախընտրական քարոզչության ժամանակ մեծ թվով հայ ռազմագերիներ կվերադառնան Հայաստան, և դա կներկայացվի որպես Փաշինյանի ջանքերի արդյունք։

Երրորդ՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները լռում այն ​​փաստի վերաբերյալ, որ Բաքուն վերադարձնում է միայն այն ռազմագերիներին, ովքեր ՀՀ քաղաքացի են և գրանցված են Հայաստանում: Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ մեր հասարակությանը չեք տեղեկացնում, որ գերեվարված հայերի դեմ, ովքեր այլ երկրների քաղաքացի են հանդիսանում, քրեական գործեր են հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով, իսկ Արցախում գրանցված հայ ռազմագերիներին Ադրբեջանի իշխանությունները համարում են իրենց քաղաքացիներ և մեղադրում են անջատողականության մեջ:

2018-ին «թավշյա» պետական ​​հեղաշրջման արդյունքում Հայաստանում իշխանության եկած դավաճանները քարոզում էին թափանցիկություն, սակայն դարձան ամենապղտորն ու ծպտյալների իշխանություն։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից