Պուտինը մեկնաբանել է չարտոնված բողոքի ակցիաները՝ հաջակցություն Նավալնու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով շաբաթ օրը տեղի ունեցած չարտոնված բողոքի գործողությունները, ասել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեսակետ հայտնել, բայց օրինական ճանապարհով, և որ օրենքից  դուրս գալը ոչ միայն անարդյունավետ  է, այլև վտանգավոր է և արդեն իսկ  հանգեցրել է հասարակության պառակտմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես արդեն բազմիցս խոսել եմ այսպիսի թեմաների շուրջ և ուզում եմ շեշտել. բոլոր մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետը օրենքով սահմանված շրջանակներում: Օրենքի սահմաններից դուրս ցանկացած գործողություն ոչ միայն անարդյունավետ  է, այլև վտանգավոր»,-ասել է Պուտինը Ուսանողների օրվա առթիվ համալսարանականների հետ հանդիպմանը:

Նրա խոսքերով՝ իր պատմության ընթացքում Ռուսաստանը բազմիցս բախվել է իրադարձությունների հետ, «երբ իրավիճակը օրենքի սահմաններից շատ է դուրս եկել և հանգեցրել է հասարակության և պետության այնպիսի ցնցման, որից տուժել են ոչ միայն նրանք, ովքեր ցնցել են պետությունն ու հասարակությանը, այլև մարդիկ, ովքեր դրա հետ ոչ մի կապ չունեին»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու, որն այժմ ձերբակալված է: