ԲՀԿ-ը չի մասնակցի ԲԴԽ անդամի ընտրությանը

Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը։

«Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Վերջինս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

Նիստի մեկնարկին, դեռ հարցի զեկուցումը չսկսած, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը:

«Խորհրդարանի այս քառօրյայում ընդգրկված շուրջ հինգ տասնյակ հարցերից և որևէ մեկը չէր արտացոլում այն օրակարգը, որը ծառացած է մեր երկրի առաջ։ Խոսքը վերաբերում է թե՛ զոհերի ընտանիքների ունեցած խնդիրներին, թե՛ Արցախից տարհանված ընտանիքներին։ Իսկ ինչ վերաբերում է այս քվեարկությանը, ապա մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնեցինք»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը: