Ֆրանսիան ափսոսում է «Բաց երկնքի պայմանագրից» Ռուսաստանի դուրս գալու որոշման համար

Ֆրանսիան ափսոսում է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու գործընթաց սկսելու Ռուսաստանի որոշման համար, որը թույլ է տալիս անդամ երկրներին թռչել միմյանց տարածքներով՝ ռազմական գործողությունները դիտարկելու համար: Այս մասին շաբաթ երեկոյան հայտարարվել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը մտադիր է առաջիկայում նախաձեռնել «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու գործընթացը, որը սովորական սպառազինությունների վերահսկման հիմնասյուն է և նպաստում է մեր մայրցամաքում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է ԱԳՆ պաշտոնյան:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը նաև ուշադրություն  է հրավիրել այն փաստի վրա, որ որոշումն ընդունվել է մասնակից երկրների չորրորդ համաժողովից ընդամենը մի քանի ամիս անց, երբ Ռուսաստանը, մնացածների հետ միասին, «վերահաստատել է իր հավատարմությունը պայմանագրին և դրա դրույթներին լիակատար հետևելուն»:

«Ֆրանսիան, եվրոպական շատ գործընկերների հետ միասին վերջերս առաջարկել է խորացնել կարծիքների փոխանակումը՝ պայմանների իրականացման վերաբերյալ Ռուսաստանի բարձրացրած հարցերի շուրջ: Մենք ափսոսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկացել մասնակցել այս երկխոսությանը և այժմ որոշում է դուրս գալ այս պայմանագրից,- հայտարարել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: -Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կվերանայի իր որոշումը», – եզրափակել է արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերյալ: Դիվանագիտական ​​ծառայությունն այս քայլը հիմնավորում է պայմանագրի գործողության շարունակման խոչընդոտները վերացնելու հարցում առաջընթացի բացակայությամբ`այս պայմաններից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: