Նորվեգիայում COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո 23 մարդ է մահացել

Նորվեգիայի մասնագետները ուսումնասիրում են 23 մարդու մահվան պատճառները, ովքեր մահացել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Վկայակոչելով Նորվեգիայի դեղերի գործակալությանը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաստատվել են 23 մահվան դեպքեր՝ պատվաստումից: Մինչ այժմ դեպքերից միայն 13-ն են ուսումնասիրվել: Սովորաբար կողմնակի ազդեցությունները կարող են նպաստել տարեց մարդկանց հիվանդությունների ավելի լուրջ ընթացքին»,- ասվում է զեկույցում:

Ինչպես նշվում է գործակալությունում, յուրաքանչյուր նման դեպք մանրակրկիտ ուսումնասիրվում է: Առողջապահության ազգային ինստիտուտը փոքր-ինչ փոխել է ծանր հիվանդությամբ տարեց հիվանդներին պատվաստելու  մասին առաջարկությունները:

Pfizer  ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսի պատվաստումը Նորվեգիայում սկսվել է դեկտեմբերի 27-ին, Օսլոյի ծերանոցների բնակիչներն առաջինն են պատվաստումներ ստացել: Այս պահին պատվաստվել է ավելի քան 25 հազար մարդ:

Ինչպես գործակալությանը հղումով նշել է NRK հեռուստաընկերությունը, բոլոր մահացածները եղել են 80 տարեկանից բարձր տարեցներ, ովքեր ունեցել են թույլ առողջություն: