Ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների․ Արտակ Բեգլարյան

Արցախի ապագան պայմանավորված է այստեղ մեր ներկայությամբ, ժողովրդագրությամբ: Եթե մենք բոլորս որոշենք հեռանալ, մենք պարզապես կկորցնենք Արցախը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում News.am-ի փոխանցմամբ հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա հիշեցրել է, որ, հնազանդվելով քաղաքացիական պարտքին և ձգտելով օրինակ ծառայել, նոյեմբերի 15-ին ինքն իր կնոջն ու երկուսուկես տարեկան երեխային բերեց Ստեփանակերտ` միաժամանակ գիտակցելով, որ ռիսկի է դիմում: «Կարծում եմ, որ մենք որոշակի պարտավորություն ունենք 90-ականների, 2016 և 2020 թվականների զոհվածների և վիրավորների առջև: Պարտավորության մի մասը այստեղ ապրելն ու երկիրը զարգացնելն է»,- ընդգծել է Բեգլարյանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելը, նախագահի աշխատակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ներկա պայմաններում տեսանելի տեսանելի ապագայում դա անհնար է: «Ադրբեջանական հասարակությանը տասնամյակներ շարունակ կանխամտածված թունավորվել են հակահայկական տրամադրություններով: Դրա արտացոլումը պատերազմի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություններն էին, տեղեկատվական դիվերսիաները: Մենք տեսնում ենք մինչ օրս, որ հակահայկական տրամադրությունները դրսեւորվում են ամենուր, ընդհուպ այս պետության ղեկավարի հայտարարություններում: Այն, թե ինչպես է նրանց հասարակությունն արձագանքում սպանությունների եւ ծաղրանքների դաժան պատկերներին, ցուցնիշ է այն բանի, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների: Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե ֆիզիկապես ապրում ենք մեկ տարածաշրջանում, բնականոն հարաբերությունները ռացիոնալ առումով ձեռնտու են բոլորին: Բայց ես անկեղծորեն կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ բարիդրացիական հարաբերությունների, և նույնիսկ եթե նրանց կողմից կա քաղաքական կամք և գործուն ջանքեր, հակահայկական տրամադրությունները հասարակությունից հեռացնելը շուտ տեղի չի ունենա: Միգուցե ապագայում ինչ-որ ժամանակ դա հնարավոր կլինի, բայց ոչ տեսանելի հեռանկարում»,- նշել է Բեգլարյանը: