Անցումային արդարադատությունը պետք է կիրառվի Փաշինյանի արարքներին իրավական ու պատմական գնահատական տալու համար. Արտյոմ Գեղամյան

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակը դեռ ցույց կտա, թե արդյոք հոդվածն իրականում «ընդունելի ժանր է մեր հանրության համար», բայց այդ նույն ժամանակը երեկ ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը՝ որպես իրավական ժանր, անհրաժեշտաբար պետք է կիրառվի Նիկոլ Փաշինյանի և նրա որոշումների վրա ազդեցություն ունեցած անձանց արարքներին իրավական ու պատմական գնահատական տալու համար:

Անցումային արդարադատության գաղափարը առաջին անգամ հնչեցվեց հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրանից անմիջապես հետո անցումային արդարադատության էությունը աղավաղվեց նրա դիլետանտ թիմի կողմից: Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք արտահայտեցին անհեթեթ մտքեր և բարեփոխումների անվան ներքո կատարեցին պետական ինստիտուտները (և պրոցեսները) ոչնչացնող գործողություններ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունեց հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում իր անկարողությունը: Այլ պայմաններում իմաստ կունենար Նիկոլ Փաշինյանին քննադատել վատ բանակցող լինելու, նրա թիմին՝ միջազգային հանրային իրավունքի չիմացության, դիվանագիտական հմտությունների բացակայության և նման, հիմա արդեն անմեղ թվացող արատների մեջ: Այս փուլն անցել ենք. անիմաստ է:

Առանց հայկական օրակարագի Մոսկվա մեկնած և իրեն քաղաքական-պետական գործիչ համարող Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների հարցը որակեց «հումանիտար» խնդիր: Դրանով հայ ռազմագերիների հարցը հանվեց մոսկովյան հանդիպման միակ կամ առնվազն հիմնական, այն է՝ ռուս-ադրբեջանաթուրքական օրակարգից՝ որոշում կայացնելու սուբյեկտություն ունեցող երկու մասնակցի համար ստեղծելով օպերացիոն հարմարավետության միջավայր:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն օտարեց հայ ռազմագերիներին։ Տարբեր պատասխաններ կարող են լինել: Օրինակ, խեղաթյուրված արժեքային համակարգ, սիրո բացակայություն սեփական տեսակի նկատմամբ, քաղաքական-պետական գործիչ խաղալու հերթական ձախողված արարը, «այնպես ուզեցին, չէի կարող չտալ» կրավորական կոնցեպտը, որն ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածի հիմնական միտքն է, և այլն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող հայերն իրավունք ունեն ստանալ այս և մյուս հարցերի պատասխանները: Որոշ հարցեր գտնվում են իրավական, այդ թվում՝ քրեաիրավական տիրույթում: Կոնվենցիոնալ քրեադատավարական մեխանիզմների միջոցով, սակայն, որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն արարքի կատարման մեջ կոնկրետ անձի մեղքը և մեղավորության աստիճանը միայն:

Այս համատեքստում «Մեկ Հայաստան» արտախորհրդարանական կուսակցութան կողմից արդեն իսկ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին: Ավելի քան 700 փաստաբաններ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին, ինչպես նաև՝ նախաձեռնել իրավական այլ գործընթացներ: «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն ավելի առաջ է գնացել՝ պահանջելով պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքն ուսումնասիրելու համար:

Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո անհրաժեշտ է ոչ միայն և ոչ այնքան մեղադրական դատավճիռներով կոնկրետ անձանց դատապարտում, այլ նաև՝ ճշմարտության բացահայտում և ազգային համերաշխության հաստատում: Անցումային արդարադատությունն է այն մեխանիզմը, որը մեզ հնարավորություն է տալու հավաքել փաստերը, ուսումնասիրել դրանք, փաստերին և հիմնական գործող անձանց կողմից կատարված արարքներին տալ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատական:

Այդ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատականն անհրաժեշտ է ոչ թե իշխանության ձգտող քաղաքական ուժերի կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու, այլ նրա համար, որ հասարակությունը արժանահավատ և համապարփակ տեղեկատվություն ստանա մինչպատերազմյան, բուն ռազմական գործողությունների և զինադադարին հաջորդած բանակցությունների, դրանցում կոնկրետ անձանց կողմից ունեցած դերի, կայացրած որոշումների և արարքների վերաբերյալ: Այդ գնահատականն անհրաժեշտ է պետական կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն դրսևորածների համար, որպեսզի իմանան, ինչ է սպասվում նրանց, ովքեր կգործեն Հայաստանի Հանրապետության ազգային հետաքրքրությունների կամ նպատակների դեմ: Այդ  գնահատականն անհրաժեշտ է հայրենիքի համար իրենց կյանքը տված, հաշմանդամ դարձած կամ գերեվարված անձանց և նրանց ընտանիքների տեղը և դերը պետության կողմից ադեկվատ հասկանալու, կրթության միջոցով ադեկվատ վերաբերմունք ձևավորելու և ադեկվատ աջակցություն ցուցաբերելու համար: Վերջապես, այդ գնահատականն անհրաժեշտ է գրավոր հոդվածի ժանրից սահուն կերպով բանավոր պայմանավորվածությունների ժանր ներխուժած Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ունեզրկված, սեփական տները սեփական հողում այրած հարյուրավոր քաղաքացիներին արդարացի փոխհատուցում տալու համար:

Շուտով կներկայացնեմ առաջարկություն՝ ճշմարտության բացահայտման փաստահավաք նախաձեռնությունը և քրեաիրավական գործընթացներն անցումային արդարադատթյան միասնական պլատֆորմ տեղափոխելու վերաբերյալ: Առաջ անցնելով ասեմ, որ 2018-2020 թթ. իրադարձությունները ձևավորել են այնպիսի համատեքստ, որ փաշինյանակենտրոն անցումային արդարադատությունը ներուժ ունի որակվելու որպես միջազգային լավագույն փորձ և դասագրքային օրինակ, թե ինչպես անցումային արդարադատության միջոցով հասնել համազգային համերաշխության, ում երբեք չվստահել պետության ղեկը, ինչպես դասեր քաղել անցյալից, և որ ամենակարևորն է, ինչպիսի պետական մոտեցում ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին»: