Պատերազմի կեսերին դավաճանություն տեսա, վախեցա խոսել՝ կտուգանեին, բայց ձեռքս փող չկար, եթե այդ պահին կես միլիոն ունենայի, կդնեի կադրերը․ Վահրամ Սահակյան

Մեր ժողովրդի մեծ մասին խաբել են, մանիպուլացրել, չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած մեկը ու խաբել է ժողովրդին։ Այս մասին  մշակույթի և գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը և շարունակում է դա անել։

«Եթե հիմա եկել ու ասում եք, որ խաբվել եք, ներողություն եք խնդրում, ապա գնացեք  և զոհվածի ծնողի առաջ չոքեք, ասեք՝ զոհվածի մայր, գիտե՞ս ինչ, ես խրախուսել ու վեր եմ հանել էդ մարդսպանների կերպարները, նրանք էլ գնացել ու քո երեխային թողել են անպաշտպան բայրաքթարի տակ։ Դե ասա, չե՞ս ասում, ուրեմն դու էլ ես մեղավոր»,- ասաց Վահրամ Սահակյանը:

Նրա խոսքով՝ մտավորականն իրավունք չունի սխալվելու, եթե մտավորականը կամ արվեստագետը նկարահանվել է մի տեսանյութում, որտեղ հայ երիտասարդին ասում է՝ գնա պատերազմ, քանի որ հայրենիքը քո կարիքն ունի, ապա նա ոչ թե հայրենասիրություն, այլ մահ է քարոզել։ «Դու ընտանիքից երեխային հանել ու տարել ես, ի՞ նչ մտավորական ես դու։ Անուններ չտամ, բոլորդ էլ գիտեք ովքեր են նկարահանվել։ Իրենք պետք է պատասխան տան»,- ասաց Սահակյանը։

Արվեստագետը նկատեց նաև, որ իր արվեստով երկու բան չի կարողացել անել այնպես, ինչպես կուզեր․«Մեկն այն է, որ հեղափոխության օրերին քիչ ասացի, որ մի ոգևորվեք, որովհետև հարձակումը շատ մեծ էր, և ես, այո, մեղավոր եմ, ու երկրորդ, երբ պատերազմի կեսերին ես տեսա, որ դավաճանություն կա, վախեցա խոսել, քանի որ կգային ու կտուգանեին, բայց փող չկար ձեռքս։

Եթե ես այդ րոպեին ունենայի կես միլիոն փող, կդնեի կադրերը։ Հիմա ես հարցնում եմ՝ ո՞վ ինչ կարող է անել»,- ասաց արվեստագետը: