Կաթողիկոսը Սուրբծննդյան պատարագ է մատուցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում․Փաշինյանը ներկա չէ Սուրբ ծնունդի պատարագին (ուղիղ)

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:

Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ:

Նիկոլ Փաշինյանը ներկա չէ պատարագին և, ըստ ամենայնի, չի գալու, քանի որ տարածքում անվտանգության միջոցառումներ չեն իրականացվում:

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը չի մասնակցում արարողությանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սիսիանի եկեղեցու քահանան դուրս էր հրավիրել Փաշինյանին եկեղեցուց, իսկ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են եկեղեցու մոտ, որպեսզի թույլ չտան «դավաճանի մուտքը սրբավայր», հաղորդում է Mediaport-ի թղթակիցը: