Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների Ամանորը

Առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ամանորյա տրամադրություն է: Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք Ամանորը շնորհավորել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքված են քաջ բալիկներ, ուժեղ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով և ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,- իր շնորհավորական ուղերձում ասել է նախարարը։

Ավանեսյանը ընդգծել է, որ իրենց պարտքն է համարում լինել երեխաների և ծնողների կողքին, օգնել՝ բուժումն ավելի հարթ դարձնելու գործում։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը վստահեցրել է, որ այս տարվա հաշվետվությունում տեղ կգտնեն փաստեր, որոնք ուրախացրել են թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Դանիելյանը բոլորին  տոկուն, առողջ ու հաջողակ տարի է մաղթել ։

Միջոցառմանը հյուրընկալվել է Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերներ։ Կենտրոնի նախասրահում տեղադրված դաշնամուրը ևս ոգևորել է միջոցառման մասնակիցներին։