Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ–ին, եթե նման պաշտոնական գործընթաց լինի։ Այս մասին այսօր առցանց ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հնչած առաջարկի մասին հարցին։

«Այսինքն` եթե նման պաշտոնական գործընթաց լինի և Ադրբեջանը այդպիսի ցանկություն հայտնի, մենք բոլոր դեպքերում կդիտարկենք։ Բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այդ խոսակցության վեկտորից, ընթացքից, ուղղությունից։ Այսինքն` ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել։ Եթե մենք տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին` Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելուն, Արցախի հարցի կարգավորման հեռանկարի, կոմպրոմիսների հնարավորության, դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ Եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,– ասաց Փաշինյանը։