Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»

Երևանում, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել. ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր է բերվել նաև Պետական պահպանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։